Նոյեմբերի 14-15-ը Երեւանում` ՀՀ Կառավարության տանը, կայանալու է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Նիստի օրակարգում են քննարկումներ Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության առկա զարգացումների, ինչպես նաեւ մրցունակության հիմնադրամի ծրագրային ուղղությունների շուրջ:

Քննարկման կդրվեն Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները եւ Սեւանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձեւերի՝ որպես նոր զբոսաշրջային ապրանքի զարգացումը: Նիստին թեմատիկ ներկայացումներով հանդես կգան Իռլանդիայի ազգային համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիտչին եւ Մարկ Բոյլը, ինչպես նաեւ Մյունխենից սպորտի եւ զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոտվալդը եւ Ֆրանկ Դանիել Էրսամը: Օրակարգի թեմաներից է նաեւ համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը եւ համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը: