Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում անցկացված բոլոր խաղաղ հավաքների 7 տոկոսն ավարտվել են բռնություններով:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» նոյեմբերի 13-ին, ներկայացրել է 2008 սեպտեմբերի 26-ից մինչեւ 2009թ հունիսի 30-ը անցկացրած «խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության» մոնիթորինգի արդյունքները։
Ըստ զեկույցի՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի այն կետը, որը հնարավորություն է տալիս լիազոր մարմնին՝ արգելել հանրահավաքը, եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, խոչընդոտում է խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու հիմնարար ազատությանը։ Խոչընդոտի դերում, այդ դեպքում, հանդես է գալիս նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որ քաղաքի կենտրոնական հատվածներում արգելում է երթերի եւ հանրահավաքների անցկացումը։
Զեկույցում մոնիթորինգի արդյունքների հետ մեկտեղ ներկայացված են մի շարք առաջարկություններ, որոնցից ամնեահետաքրքրականը ոստիկանության աշխատակիցների համար մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասընթացներ կազմակերպելն է, ինչը, ըստ դիտորդների,կնպաստի իրազեկության բարձրացմանը եւ ոստիկաների կողմից բռնությունների ու առճակատման նվազեցմանը։
Զեկույցի շնորհանդեսին ներկա էին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչներ։ ԵԽ փորձագետ Ջեյմս Սուինին իր խոսքում նշեց, որ զեկույցը ներկայացնում է Հայաստանի քաղաքական կյանքի արժեքավոր պատկերը։ Իսկ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն ասաց, որ սա կարեւոր դեր կունենա Հայաստանում խաղաղ հավաքների ազատությունը բարելավելու եւ այն փոփոխությունների ենթարկելու գործում։ Նա նաեւ նշեց, որ փոփոխություններ կատարելու ուղղությամբ պատրաստ են համագործակցել մեր իշխանությունների հետ:
«Եվրոպայի խորհուրդը շարունակելու է մեծ ուշադրությամբ հետեւել Հայասատանում կատարվող գործընթացներին»,- ընդգծեց Սիլվիա Զեհեն։




























