ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, մտադիր է վերջին անգամ փորձել համոզել ԵՄ իշխանություններին առգրավել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում արեւմտյան երկրների դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Բայդենի պլանի համաձայն՝ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները պետք է փոխանցվեն հատուկ պահուստային հաշվին, որը ենթադրաբար կբացվի միայն այն դեպքում, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփիի միջեւ բանակցությունների արդյունքը ԱՄՆ տեսանկյունից լինի հաջող։ Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, մինչեւ նոր վարչակազմի իշխանության գալը ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարն արդեն քննարկվել է Բայդենի թիմի անդամների եւ Թրամփի խորհրդականների կողմից։ Վերջինս կողմ էր այդ գաղափարին, քանի որ դա նրանց թույլ կտա լրացուցիչ ճնշման լծակներ ձեռք բերել Մոսկվայի հետ բանակցություններում։

Սակայն, ինչպես նշել է CNN-ը, ԵՄ երկրների ղեկավարությունը, որոնց լիազորությունների մեջ է մտնում նման որոշում կայացնելը, թերահավատ են այս հարցում։ Նրանք մատնանշում են ողջ եվրոպական բանկային համակարգի հեղինակությանը մեծ վնաս հասցնելու ռիսկը եւ միջազգային իրավունքի խախտման անթույլատրելիությունը։

Այս առնչությամբ Բայդենի վարչակազմում CNN-ի զրուցակիցները նշել են, որ Թրամփի երդմնակալությունից առաջ նման պլանի իրականացման հաջողությունը քիչ հավանական է։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե Ֆրիդրիխ Մերցը դառնա Գերմանիայի կանցլեր, որն ավելի հավանական է, որ պաշտպանի ռուսական ակտիվների բռնագգանձման գաղափարը։

Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 մլրդ դոլարի չափով այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է իր հատուկ ռազմական գործողությունը: Դրանցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում (որտեղ պահվում է 210 մլրդ դոլար)։