Լոռիի, Տավուշի եւ այլ մարզերում 80 խոշոր եղջերավոր կենդանիների մահվան դեպքեր են գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գյուղացիա-ագրարային միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ դեռ վերջնական եզրակացության չեն եկել, բայց պատճառը, հավանաբար, ինֆեկցիոն հիվանդություններն են: Հնարավոր է, որ դեպքերի թիվը 80-ից ավելի է, համենայն դեպս այդքանի մասին գիտեն, բայց կլինեն նաեւ մարդիկ, ովքեր չեն դիմել:

«Գյուղնախարարությունը ինչ-որ եզրակացության եկել է, փորձում է բուժումներ անել, մասամբ հաջող է ստացվում: Համենայն դեպս, կարելի էր այնպես անել, որ այդ հիվանդությունները չլինեին»,- ասաց նա`  հավելելով, որ այս երեւույթը նոր է եւ  նախկինում չի գրանցվել: Հրաչ Բերբերյանի խոսքով`  անասնաբուժությունը հետեւողական եւ ամենօրյա աշխատանք է, որը պետք է կատարվի: «Մասնագետների խնդիրն է, որոնք երեւի թե պարտականությունները վատ են կատարել կամ իրենց տեղերում չեն»,- նշեց նա` օրինակ բերելով, որ արդեն 3-4-րդ տարի է` պայքարում ենք կրծողների դեմ, նույնիսկ այսօր ունենք ժանտախտ, մինչդեռ եթե ճիշտ կազմակերպվեր 5 տարի առաջ, մենք այսօր դա չէինք ունենա:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ այդպիսի երեւույթները պետք է շատ արագ տեղայնացվեն, եթե բաց է թողնվել, դա արդեն հանցագործություն է: «Պետք է հանրապետական միջոցառում անել, որ օգնի, լոկալ բուժումը չի օգնում: Մի տեղ բուժվում է, մեկ այլ տեղ է սկսվում: Շատ խիստ, հետեւողական, համալիր աշխատանք է պետք»,- նշեց նա: