Դաշնակցություն կուսակցության այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը իշխանություններին համագործակցության հրավիրելու առաջարկ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։
«Իրականում իշխանության հետ գաղտնի համագործակցում է ինքը՝ ՀՅԴ-ն, ով ընդհատակ բանակցություններ է վարում իշխող ռեժիմի հետ եւ իր գործողություններով ուժեղացնում է նրա դիրքերը»,- հայտարարեց Կարապետյանը, հիշեցնելով, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնք ՀՅԴ-ն կեղծ էր որակել, Դաշնակցությունը մտավ կոալիցիայի մեջ։
Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթին, ապա այն,Կարապետյանի խոսքով, գործարքի առաջարկ չի կարող լինել, քանի որ «գործարք» բառը ոչ հրապարակային գործողություններ է ենթադրում։
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից անմիջապես հետո, որում նա փորձում էր «անտեղի» հարձակումներից պաշտպանել ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՅԴ ներկայացուցիչները սկսել էին իշխանության հետ գործարքի մեջ մտնելու համար մեղադրել Հայ ազգային կոնգրեսին եւ նրա ղեկավարին։ «Իշխանություններին արված նրա առաջարկությունը տանում է ընդդիմության թուլացման, ինչի ադյունքում տուժելու են ժողովուրդը եւ երկիրը։ Այդ համագործակցությունից իշխանության ձեռքերն ավելի են երկարելու եւ նա հնարավորություն է ստանալու ավելի ազատ գործել»,- ասել էր ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:




























