Ադրբեջանը 2011-2012թթ. Բուլղարիային ավելի քան մեկ մլրդ խմ բնական գազ կմատակարարի։ Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բուլղարիա կատարած կարճատեւ այցի ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Գազն Ադրբեջանից Բուլղարիա կհասնի Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով անցնող գազատարներով, որոնք Բուլղարիան կապում են Թուրքիայի եւ Հունաստանի հետ, իսկ հետագայում՝ «Nabucco»-ով։ Նախագծի իրականացմամբ կզբաղվեն պետական գազային ընկերությունները։
Ընդգծվել է, որ հուշագրի ստորագրմամբ գազամատակարարման անվտանգությունը մեծանում է։ Հեռանկարում Բուլղարիան կվերածվի Եվրոպայում բնական գազի տեղաբաշխման կենտրոնի։
«Ստորագրված երկկողմ համաձայնագրերը նոր որակ են տալիս Ադրբեջանի եւ Բուլղարիայի միջեւ եղած հարաբերություններին։ Նոր հնարավորություններ են ընձեռվում բնական գազը հասցնել ոչ միայն Բուլղարիա, այլ նաեւ ողջ հարավարեւմտյան Եվրոպա»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է ծովային ճանապարհով գազը Ադրբեջանից արագ կերպով Բուլղարիա հասցնելու մասին՝ խոսելով դրա ռազմավարական նշանակության մասին։
Երկկողմ հուշագիրը ստորագրել են «Բուլղարգազի» գլխավոր տնօրեն Իվան Դրենովիչկին եւ Ադրբեջանի նավթային պետական ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը, հայտնում է ԱզերԹաջ-ը։




























