«Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը բաց նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում «Անանիա Շիրակացի» համալսարանում ակադեմիական պարտքերը հանձնելու համար գումար գանձելու փաստի առթիվ:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

Հարգելի պարոն Աշոտյան, «Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը հանրությանն էր ներկայացրել Անանիա Շիրակացի համալսարանում տեղի ունեցող մի ուշագրավ երեւույթի մասին, ըստ որի ակադեմիական պարտքերը հանձնելու համար, հարկավոր է գումար վճարել, նրանց մասնակցելու թույլտվություն ստանալու համար:

Փորձեցինք պարզաբանում ստանալ այդ բուհի ռեկտոր պարոն Աֆյանից:

Նա մեզ տեղեկացրեց, որ դա կատարվում է օրենքի սահմաններում եւ այդ գումարները համարվում են սիմվոլիկ գումարներ, որպեսզի ուսանողները այլեւս դասախոսներին կաշառք չառաջարկեն: Մեր շարժումը մտահոգված է այդ հարցով, քանի որ տվյալ դեպքում ուսանողները նաեւ դուրս են մնում բուհից, վճարելով «սիմվոլիկ» գումարներ:

Խնդրում ենք ձեզ նման օրենքների վերացման ուղղությամբ աշխատել, քանի որ դա չի նպաստում կոռուպցիայի վերացմանը, այլ նպաստում կոռուպցիայի օրինականացմանը»: