2010 թվականին Շիրակի մարզում 162 անչափահաս ենթարկվել է ֆիզիկական բռնության: Այսօր` դեկտեմբերի 19-ին, իր ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացրել Շիրակի մարզում գործող «Արեւամանուկ» հիմնադրամի տնօրեն, հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը, հավելելով, որ վերլուծությունների համաձայն աշխարհում ամեն տարի երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության մոտ 80 հազար դեպք է գրանցվում, սակայն մասնագետների խոսքով, այդ թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի մեծ մասը կատարվածի մասին բարձրաձայնել չի ցանկանում:

Շիրակի մարզում ընթացիկ տարում անչափահասների նկատմամբ արձանագրվել է սեռական բռնության 5 դեպք: «2010 թվականին 170 երեխայի նկատմամբ իրականացվել է հոգեբանական բռնություն, 9 անչափահաս ենթարկվել է սեռական բռնության»,-ասել է Գմյուր-Կարապետյանը: Ըստ հոգեբանի՝ ներկայացված տվյալները չեն արտացոլում դեպքերի իրական պատկերը: «Շատ հաճախ զոհերը թաքցնում են կատարվածը, հատկապես երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների մասին շատերը չեն ցանկանում խոսել, համարելով, որ այն խորթ է հայ հասարակության համար»,-ասել է Արմինե Գմյուր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, Գյումրիի գիշերօթիկ հաստատություններից մեկի 3-րդ դասարանի աղջնակին բռնաբարել էր 26-ամյա Վարդան Ղազարյանը: 10-ամյա աղջկա ծնողները դիմել էին ոստիկանություն եւ երիտասարդը ձերբակալվել էր: Նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Գիշերօթիկ հաստատությունից NEWS am-ի թղթակցին փոխանցել են, որ 10-ամյա երեխան հիմա շարունակում է հաճախել դպրոց, ապրել բնականոն կյանքով: Նրա հետ աշխատում է հաստատության հոգեբանը:

«Իսկ դատարաններում սեռական բռնության դեպքեր հազվադեպ են քննվում ոչ այն պատճառով, որ քիչ են, այլ դարձյալ պատճառը «ազգային մենթալիտետ» ասվածն է, քանի որ քիչ են դիմում»,-կարծիք է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործող փաստաբան Սուսաննա Մխիթարյանը:

Իսկ ըստ հոգեբանների, բռնության ենթարկված անձը դառնում է ինքնամփոփ, դժվարությամբ է հարաբերություններ հաստատում մարդկանց հետ, ցուցաբերում է անսովոր ագրեսիա: