Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող ռուսները, որոնք իրենց թույլ են տալիս անպարկեշտ խոսքեր ասել, կարող են սպանվել, քանի որ դա բացասաբար է անդրադառնում նրանց ներքին հոգեւոր վիճակի վրա, ասել է Մոսկվա քաղաքի թեմի տեղեկատվական հանձնաժողովի ղեկավար, երեց քահանա Ալեքսանդր Վոլկովը։ «Տղաները վերադառնում են եւ ասում՝ հայհոյողները առաջինն են մահանում կամ վիրավորվում։ Սա օրենք է, ես չեմ հորինել, բայց այն գործում է»,- վստահեցրել է քահանան։ Նրա ելույթին ուշադրություն է դարձրել Daily Storm-ը։

Վոլկովը նշել է, որ հայհոյանքը «հոգեւոր աստառ» ունի, եւ դա «ոչ միայն հինգ բառի հավաքածու է, այլ խորքային սատանայական բաղադրիչ»: «Քահանան միշտ նույն ողջերթի խոսքերն է տալիս թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու մարտիկներին. հիշե՛ք, առաջնագծում չի կարելի հայհոյել։ Աշխարհիկ մարդու համար սա շատ տարօրինակ է թվում՝ այնտեղ կրակում են, սարսափելի է, էմոցիաներն ազատվում են... միայն հայհոյանքով կարելի է արագ հրաման տալ։ Բայց հենց որ զենք վերցնես, մոռացիր հայհոյանքների մասին։ Եթե ​​թաքստոցում նստած ես մարտական ​​ընկերներիդ հետ, մի հայհոյիր»,- նշել է քահանան։

Ավելի վաղ Ռուս Ուղղափառ եկեղեցին կոչ էր արել ռազմաճակատում «մարտական ​​քահանաների» թիվը 300-ից հասցնել 1 500-ի, որպեսզի նրանք կարողանան հակազդել ռուս զինվորականների «դաժանությանը» եւ կանխել «վրեժխնդրության մեղավոր ոգին»։ Նրանք հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն անում են ամեն ինչ իրենց դեմ կռվող զինվորներին «մեղքի մեջ ներքաշելու» եւ Աստծո օգնությունից զրկելու համար։

Ռուս Ուղղափառ եկեղեցու մտահղացմամբ՝ քահանաները պետք է անցկացնեն նաեւ անձնակազմի գաղափարական վերապատրաստում, քանի որ կան զինվորականներ, որոնք «զգացել են Աստծուն, հավատ են զգացել, բայց դեռ չեն եկել ուղղափառության»: «Մեր բանակն անհոգի է, պետք է շատ աշխատել այս ուղղությամբ»,- ընդգծել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, վարդապետ Անդրեյ Կանեւը։

Մինչ այդ ՌԵՈւ-ն Ռուսաստանին արեւմտյան հեռահար հրթիռներով հարվածներն անվանել էր Աստծո պատիժ աբորտների համար։