Երեւանի կենդանաբանական այգին, այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Ամանորին կենդանի եղեւնիներ ունենալ իրենց տան, բայց չեն ցանկանում ծառահատումների մասնակից դառնալ, այլընտրանքային` բնապահպանական տարբերակ է առաջարկում:
«Ամեն տարի` ամանորյա տոներին ընդառաջ, Հայաստանի անտառներից, ծառահատումների արդյունքում, հազարավոր եղեւնիներ են անհետանում: Իսկ տոներից հետո Ամանորի կենդանի խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում: Եթե դուք կարեւորում եք Ամանորին տանը բնական տոնածառի առկայությունը, ծաղկամանով եղեւնիների վարձակալությունը կարող է հարցի լուծման հրաշալի միջոց դառնալ:
Ցանկացողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 15-ից գալ Երեւանի կենդանաբանական այգի եւ անձամբ ընտրել իրենց ծառը: Կազմակերպիչներն ավելի ուշ` պատվիրատուին հարմար ժամկետներում, ծառը կառաքեն նշված հասցեով:
Ծառերի հետ կտրվի տվյալ ծառատեսակի խնամքի եւ պահպանման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, որը կօգնի այն պահել անվնաս: Վարձակալության դեպքում ծառերը պատվիրատուի բնակարանում կարող են մնալ մինչեւ հունվարի 15-ը:
Եղեւնու վարձակալության արժեքը 25.000 դրամ է: Ձեռքբերման համար պետք է վճարել 40.000 դրամ: Առաքումը Երեւանի տարածքում անվճար է:
Գնելու դեպքում ծաղկամանով ծառերը Ծննդյան տոներից հետո կարող եք նվիրաբերել որեւէ կրթօջախի կամ գարնանը տնկել ձեր իսկ տան կամ շենքի բակում:
Նախագծից ստացված ողջ հասույթը կուղղվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (+37410) 562 362, (+37494) 482218»,-ասված է Երեւանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:




























