Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) պատժամիջոցներ է սահմանել Գերագույն ռադայի պատգամավոր եւ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, հայտնել են իրազեկ աղբյուրները Forbes Ukraine-ին եւ «Украинская правда»-ին։ Forbes Ukraine-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ «խոսքը «պետական դավաճանություն» հոդվածի մասին է։ РБК-Украина-ի աղբյուրը խոստովանել է, որ Պորոշենկոն կարող է ներառվել պատժամիջոցների ցուցակում՝ որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչ։ Նման ձեռներեցներին նախկինում երկրում անվանում էին «օլիգարխներ», ավելացրել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 12-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում ընդունված որոշումը պաշտոնապես կհրապարակվի փետրվարի 13-ին։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը։ «Մենք պաշտպանում ենք մեր պետությունը եւ վերականգնում ենք արդարությունը. բոլորը, ովքեր ոչնչացրել են Ուկրաինայի ազգային անվտանգությունը եւ օգնել Ռուսաստանին, բոլորը պետք է պատասխան տան»,- ասել է Զելենսկին։ Նա նաեւ ընդգծել է, որ «միլիարդները, որոնք իրականում վաստակվել են Ուկրաինան վաճառելով», պետք է արգելափակվեն, որպեսզի նրանք գործեն ի շահ երկրի։ «Եվ դա կլինի։ Միանշանակ»,- խոստացել է Ուկրաինայի նախագահը։
Պորոշենկոն իր դեմ պատժամիջոցների կիրառումն անվանել է «սադրանք», որի նախապատրաստման մասին նա նախապես իմացել է։ Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը «հակասահմանադրական, քաղաքական դրդապատճառներով որոշում է կայացրել»։ «Կա միայն մեկ պատվիրատու, կատարող եւ ստորագրող՝ անձամբ Զելենսկին։ Պատկերացրեք այսօր, փոխանակ պատրաստվելու չափազանց կարեւոր բանակցությունների [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի, ԱՄՆ ֆինանսների նախարարի, մի շարք համաշխարհային առաջնորդների հետ Մյունխենի համաժողովում, նա ամբողջ օրը զբաղվել էիմ խոնարհ անձի դեմ պատժամիջոցներով»,- նշել է Պորոշենկոն։ Մինչ այս նա հայտնել էր, որ իրեն մերժել են երկրից դուրս գալու թույլտվություն տալ եւ յուրաքանչյուր օրվա համար փետրվարի 14-ից մինչեւ փետրվարի 28-ը 15 ծանուցում է ստացել Քննչական պետական բյուրոյից։ Պորոշենկոն պատրաստվում էր մասնակցել Մյունխենի համաժողովին, որը տեղի կունենա Գերմանիայում փետրվարի 14-16-ին։
2019թ. նախագահական ընտրություններում Զելենսկու հաղթանակից հետո, որոնցում նրա հիմնական մրցակիցը Պորոշենկոն էր, ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել երկրի նախկին նախագահի դեմ։ Մասնավորապես, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ 2014–2015թթ., այսպես կոչված, «ԴԺՀ»-ից եւ «ԼԺՀ»-ից ածուխ մատակարարելու համար։ Կալանք է դրվել նաեւ Պորոշենկոյի բաժնետոմսերի վրա 19 ձեռնարկություններում, իսկ փոխկապակցված ընկերությունները բազմամիլիոնանոց տուգանքներ են ստացել Հակամենաշնորհային կոմիտեի կողմից։ Պատերազմի տարիներին հետաքննությունը դադարեցվել էր։ Պորոշենկոն Ուկրաինայի հինգերորդ նախագահն էր 2014-2019թթ.։ Նա «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախագահն է, որը պաշտպանում է երկրի զարգացման եվրոպական ուղին եւ ակտիվորեն քննադատում Զելենսկուն, որի սեփական կուսակցությունը մեծամասնություն է կազմում Գերագույն դադայում։





























