2012 թվականին որոշվելու է, թե Արեւմուտքը Ռուսաստանին ընդունելու է որպես հավասարազոր գործընկեր Եվրամիության կազմում, թե` ոչ։ Այս մասին, այսօր՝  դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ Նրա խոսքով, Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո հստակեցվեց այն դիրքորոշումը, որ ունի այսօր հատկապես Միացիալ նահանգները, այն է` Ռուսաստանը Արեւմուտքին իրավահավասար գործընկեր լինել չի կարող։

«Իսկ պատրվակները շատ են. Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ, Պուտինը ժողովրդավար ղեկավար չէ եւ այլն: Սրանք, իհարկե, պատրվակներ են, քանի որ ԱՄՆ-ը կարողանում է լավ հարաբերություններ ունենալ բացարձակապես ոչ ժողովրդավար ռեժիմների հետ։ Հետեւաբար, այս առումով, սա ավելի շատ աշխարհաքաղաքական շահերի ապահովման խնդիր է»,- ընդգծեց Մելիքյանը:

Այս համատեքստում, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես քրեորեն պատժելի գործողություն ճանաչելուն, Մելիքյանն ասաց. «Սրանով Ֆրանսիան ոչ ասաց Թուրքիային, որին Միացյալ նահանգները ուզում էին տեսնել Եվրոպայի մաս»:

2011-ի հաջորդ կարեւորագույն գործընթացը նա համարում է արաբական աշխարհում տեղի ունեցող հեղաշրջումների շարանը, որով, ըստ նրա, ռուսական շահերի կարեւոր կետերը տապալվում են։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է միայնակ փորձի ապահովել իր տնտեսական եւ ռազմական անվտանգությունը տարածաշրջանում, որը բոլոր կողմերից վտանգված է, հատկապես Հարավային կովկասում»:

Մելիքյանի ներկայացմամբ, այս պայմաններում ժամանակն աշխատում է ընդդեմ Ռուսաստանի եւ նրան անհրաժեշտ է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ «Ըստ էության, խնդիրը հետեւյալի մեջ է, որոշակի տարածքներ վերադարձվելու են Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր ռազմավարական դիրքերն Ադրբեջանի տարածքում»,- կարծիք հայտնեց Արման Մելիքյանը, միաժամանակ ավելացնելով, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, իսկ երբ Ադրբեջանը լուծի իր խնդիրը այլեւս Ռուսաստանի հետ գործ չի ունենա։

Այս իրավիճակում Արման Մելիքյանը կարծում է, որ «ուղղակի պարտավոր ենք շատ հստակ մեր շահերին հետամուտ լինել եւ տեղի չտանք ճնշումներին»: