Հայաստանում 2010թ. եւ 2011թ. 9 ամիսների ընթացքում դատախազական հսկողություն իրականացված 21 քրեական գործերով հայտնաբերվել են 39 տուժողներ, որոնք բոլորն էլ կանայք են: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կատարած ուսումնասիրության մեջ:

Ըստ դատախազության, թրաֆիքինգ հանցատեսակի զոհեր են դառնում հիմնականում երիտասարդ տարիքի անձինք, որոնք կազմում են տուժողների 58.9 տոկոսը:

16-18 տարեկան             5 անձ (12.8 տոկոս)

18-24 տարեկան             11 անձ (28.2 տոկոս)

25-29 տարեկան              7 անձ (17.9 տոկոս)

30-49 տարեկան              16 անձ (41.1 տոկոս)

Վերլուծությունը միաժամանակ ցույց է տալիս, որ թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը` 97.4 տոկոսը չեն աշխատել: 39 անձանցից աշխատող եղել է միայն մեկը:

Ինչ վերաբերում է տուժողների կրթական մակարդակին, ապա դատախազության  ուսումնասիրություններով թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը /94.9 տոկոս/ ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն: Տարրական եւ ութամյա կրթություն ունեցողները 10-ն են, միջնակարգ կրթությամբ անձինք` 27-ը, եւ միայն երկուսն են ունեցել բարձրագույն կրթություն: Թրաֆիքինգի զոհերից 38-ը Հայաստանի քաղաքացիներ են, 1-ը` Ուկրաինայի քաղաքացի:

Ըստ դատախազության, այդ անձանցից 19-ը ամուսնացած չեն եղել, 16-ը ամուսնալուծված է, 1-ը` այրի, 3-ը ամուսնացած:

39 տուժողներից 23-ը շահագործման են ենթարկվել արտերկրում, իսկ 16-ը` ՀՀ-ում:

2010թ. եւ 2011թ. 9 ամիսների ընթացքում դատախազական հսկողություն իրականացված 21 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 27 անձի, որոնք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են: 

27 մեղադրյալներից 16-ը կանայք են, իսկ 11-ը` տղամարդիկ: