Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված ավազակախմբի գործով ոստիկանությունը ճիշտ ուղիով է ընթանում:
Այդ մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Պարոն Գասպարյան, ոստիկանապետի պաշտոնում Ձեր նշանակումից հետո արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի» անդամների գործին: Նրանց վնասազերծումից հետո 4 ամիս է անցել, սակայն ավազակային հարձակումները պաշտոնյաների բնակարաններում շարունակվում են: Հնարավոր համարո՞ւմ եք, որ քննությունը ճիշտ ուղղությամբ չի գնում եւ նրանք չեն պաշտոնյանների բնակարաններում ավազակային հարձակումներ կատարողները:
Նախ ավազակային հարձակումները չեն շարունակվում, դա` միանշանակ: Իսկ ինչ վերաբերում է գործին, այն նախաքննության փուլում է: Կա օպերատիվ քննչական խումբ, որն իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Այս պահին քննության ընթացքում նպատակահարամար չէ պարզաբանումներ տալ: Ավելին, ասեմ, որ այսօր նախաքննության փուլում նախկինում կատարված էլի լուրջ գործեր կան եւ բոլոր այդ գործերով ինտենսիվ միջոցառումներ են անցկացվում: Չեմ կարծում, որ պետք է առաջնահերթություն տալ այս կամ այն գործին: Բոլոր գործերով հավասարապես պետք է աշխատել: Պրակտիկան ցույց է տալիս, որ մեր մարտավարությունը ճիշտ է ընտրված եւ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումների ուղղությամբ ունենք տեսանելի հաջողություններ, սակայն այն գոնե իմ համար դեռ հեռու է բավարար լինելուց: Այնպես որ, պետք է աշխատել, աշխատել ու աշխատել:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ձեր նախորդը` Ալիկ Սարգսյանն իր աշխատանքի արդյունավետությունն ապացուցելու համար, ներկայացրել է «բանդայի» վնասազերծման սցենարը, այնինչ իրական մեղավորները մինչ օրս դրսում են: Այս խոսակցությունների մեջ կա՞ ճշմարտության հատիկ:
-Տեղեկություների մեր եւ ձեր աղբյուրները տարբեր են, եւ կարծում եմ` հարցն ինձ չի ուղղված:
Նշենք, որ տվյալ ավազակախումբը մեղադրվում էր մի շարք անձանց, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտի մեջ:
Սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:




























