Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան փորձում են Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելու բանակցություններում Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու ծրագիր մշակել։ Գաղափարը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայում արեւմտյան զորքերի տեղակայում, որին կաջակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնել է Bloomberg-ը։

Պաշտոնական Լոնդոնն ու Փարիզը փորձում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագիր մշակել։ Դա տեղի է ունենում Մոսկվայի պահանջների ֆոնին, որ ուկրաինական բանակը զգալիորեն կրճատվի Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ցանկացած կարգավորման շրջանակում:

Չորեքշաբթի Փարիզում բանակցություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարների միջեւ՝ Ուկրաինային աջակցությունը համաձայնեցնելու մասին։

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն եվրոպական այլ երկրների գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում, «կա լայն կոնսենսուս, որ Ուկրաինայի անվտանգության առաջին երաշխիքը հենց ուկրաինական բանակն է, նրա հնարավորությունները, նրա զենքերը, նրա ուսուցանումը»։

«Անվտանգության երկարաժամկետ երաշխիքները կախված կլինեն այն կարողություններից, որոնք մենք կարող ենք տրամադրել Ուկրաինային»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը։

Լեքորնյուն նաեւ զգուշացրել է, որ Եվրոպան պետք է արագ զարգացնի տիեզերական տեխնոլոգիաները եւ նվազեցնի կախվածությունը SpaceX-ի Starlink-ից, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ողջունել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ հայտարարությունը։ Միաժամանակ, Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Եվրոպան կարող է փոխարինել ԱՄՆ որոշակի օգնությունն ու ծառայությունները, այդ թվում՝ «Սթարլիքները»։

«Մենք կարող ենք արագ միջամտել, օրինակ՝ զինամթերքով, բայց անհրաժեշտության դեպքում՝ նաեւ արբանյակային կապով»,- ասել է Պիստորիուսը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի ասուլիսում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Գիլին մարտի 12-ին ասել է, որ տարբեր երկրների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն՝ կարգավորման դեպքում «ռազմական պլանավորման» քննարկումը շարունակելու համար:

Ինչպես նշել է Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում 37 երկրների միջեւ՝ Ուկրաինայի համար «կամավորների կոալիցիա» ստեղծելու համար, եթե խաղաղ կարգավորում ձեռք բերվի:

«Դա նշանակում է, որ Եվրոպայի, Համագործակցության եւ Ասիայի երկրները կներդնեն ֆինանսավորում, զորքեր, ինքնաթիռներ կամ ռազմածովային նավեր՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել ռուսական հետագա ագրեսիայի հեռանկարից»,- գրել է արեւմտյան տեղեկատվական գործակալությունը։

Bloomberg-ի տվյալներով՝ երեքշաբթի ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչները՝ ներառյալ Ավստրալիան, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան, միացել են Փարիզում եվրոպական տասնյակ երկրների, ինչպես նաեւ Կանադայի ռազմական ղեկավարների հետ բանակցություններին: