Եվրամիությունն առաջարկել է կամավոր հիմունքներով Ուկրաինային 20-40 միլիարդ եվրոյի ռազմական օգնության հիմնադրամ ստեղծել՝ Հունգարիայի վետոյից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը։
Առաջարկի նախագծում ասվում է, որ «2025 թվականին երկրները կարող են Ուկրաինային տրամադրել ռազմական օգնություն, որը կկազմի ժամանակավորապես առնվազն 20 միլիարդ եվրո և կարող է հասնել 40 միլիարդ եվրոյի՝ կախված Ուկրաինայի կարիքներից»: Որպես առաջին քայլ՝ առաջարկվում է 5 մլրդ եվրո հատկացնել 2 մլն խոշոր տրամաչափի հրետանային արկերի համար։ Մյուս առաջնահերթությունները ներառում են հակաօդային պաշտպանություն, հրթիռներ, անօդաչու սարքեր, կործանիչներ, սարքավորումների սպասարկում և «ոչ մահացու աջակցություն»: Երկրները «կմասնակցեն իրենց տնտեսական կշռին համապատասխան», գրում է պորտալը։ Փաստաթղթում նշվում է նաև «անվտանգության երաշխիքների ներդրման մասին», սակայն մանրամասներ չեն նշվում։
ԵՄ երկրները պետք է արձագանքեն հիմնադրամին մասնակցելու առաջարկին մինչև ապրիլի 30-ը, նշում է պորտալը։



























