Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի SPA պետական գործակալությունը։
Նրա խոսքով՝ մարտի 13-ին տեղի ունեցած զրույցի ժամանակ թագաժառանգը «հաստատել է թագավորության ցանկությունը՝ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ խթանելու երկխոսությունը և ցանկացած [միջոց], որը կարող է հանգեցնել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծմանը»։
Բացի ուկրաինական խնդրից, կողմերը, ըստ տեղեկությունների, քննարկել են «համագործակցության ոլորտները [Մոսկվայի և Էր-Ռիադի միջև] և դրա զարգացման ուղիները»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարն իր հերթին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը և շնորհակալություն է հայտնել սաուդյան կողմին, ի թիվս այլոց, «փետրվարի 18-ին Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»։





























