Հունգարիան, որը հունվարին մտադիր էր արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական երկարաձգումը, հրաժարվել է դրանից երկրի արտգործնախարար Պյոտր Սիյարտոյի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի զրույցից հետո, գրել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հունգարիան պատրաստվում էր վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա։ Բայց հետո Թրամփը սպառնացել էր Ռուսաստանին նոր սահմանափակումներով, եթե վերջինը չհամաձայնի զինադադարին Ուկրաինայում։
Բացի այդ, Ռուբիոն զանգահարել է Սիյարտոյին եւ, պարբերականի երկու զրուցակիցների խոսքով, հորդորել է Հունգարիային չխաթարել ԵՄ պատժամիջոցների համակարգը։ Սա օգնել է համոզել Բուդապեշտին հետ կանգնել իր որոշումից եւ պահպանել պատժամիջոցները:
Միաժամանակ, Թրամփը, ինչպես նշել է Politico-ն, ցանկացած պահի կարող է փոխել մարտավարությունը՝ առաջարկելով մեղմացնել պատժամիջոցները Ռուսաստանի հետ բանակցություններում։ Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ը կկորցնի իր կարեւոր լծակները Հունգարիայի վրա ազդելու փորձերում: Դա կարող է խնդիր լինել՝ հաշվի առնելով, որ պատժամիջոցների երկարաձգումը պահանջում է բոլոր երկրների միաձայն որոշում: Առայժմ, ինչպես գրել է Politico-ն, ԵՄ-ում կոնսենսուս չկա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցում՝ անկախ Թրամփի վարչակազմի որոշումներից։
Հունգարիայի ԱԳՆ-ում մեկնաբանության մասին խնդրանքին չեն պատասխանել։





























