Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հիպոթետիկ դադարեցումը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների, ներառյալ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի բանկային հատվածների վրա էական անմիջական ազդեցություն չի ունենա, ասված է S&P Global Ratings-ի վերլուծաբանների մեկնաբանության մեջ։
«Մենք 2025 թվականին բանկային հատվածի կայունության համար զգալի ռիսկեր չենք կանխատեսում, եթե հրադադարի ռեժիմն իրականանա»,- ըստ Investing.com-ի՝ ասված է զեկույցում։
Վերլուծաբանների կարծիքով՝ զինադադարի հաստատման դեպքում Կենտրոնական Ասիայի և Կովկասի բանկերից ավանդների կտրուկ արտահոսք չի լինի։ Նրանց տվյալներով՝ ոչ ռեզիդենտներից, հիմնականում Ռուսաստանից ավանդների ներհոսքն արդեն իսկ նվազել է 2022-2023 թվականների առավելագույն մակարդակներից հետո։
Նույնիսկ եթե միջոցների մի մասը վերադարձվի Ռուսաստանի Դաշնություն կամ փոխանցվի այլ երկրներ, Ռուսաստանի մակրոտնտեսական և քաղաքական իրավիճակի շուրջ բարձր անորոշությունը, ներառյալ փոխանցումների և արժույթի փոխարկման սահմանափակումները, մոտ ապագայում կզսպեն լայնածավալ արտահոսքերը, կարծում են վերլուծաբանները։
Միևնույն ժամանակ, դրամական փոխանցումների ծավալն, ըստ գործակալության կանխատեսումների, կպահպանվի։
2022 թվականին դրանց կտրուկ աճը Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Տաջիկստանում միջինը 6,5 տոկոսային կետով վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդը բարելավել է։
Ադրբեջանում և Ղազախստանում այս ազդեցությունը ևս նպաստել է նավթի գների աճին։
Սակայն, 2023-ին ազդեցությունը համապատասխանության պահանջների խստացման և ռուսական միջոցների այլ իրավասություններ վերահղման պատճառով գործնականում վերացավ: 2024 թվականին դրամական փոխանցումների ծավալը կրկին զգալիորեն աճել է հատկապես Ուզբեկստանում և Հայաստանում, սակայն ակնկալվում է, որ աստիճանաբար կկարգավորվի։ Միևնույն ժամանակ, Ուզբեկստանի, Վրաստանի և Հայաստանի տնային տնտեսությունների համար ներգաղթյալներից (հիմնականում Ռուսաստանից) տրանսֆերտները կմնան եկամտի կարևոր աղբյուր, ասված է մեկնաբանության մեջ։
Բանկային վճարների եկամուտների աճը, որը 2022-2023 թվականներին զգալիորեն աճել է, ըստ S&P-ի, կկայունանա ավելի ցածր մակարդակի վրա։ Վարկավորման վրա էական ազդեցություն նույնպես չի սպասվում, քանի որ ներգաղթյալներն ու տարածաշրջան տեղափոխված ընկերությունները խոշոր վարկառուներ չէին:
Բացի դրանից, անշարժ գույքի շուկան, որն ավելի վաղ ներգաղթյալների հոսքի պայմաններում աճել էր, կմնա համեմատաբար կայուն, քանի որ եկվորների մեծ մասը նախընտրում էր բնակարան վարձել, քան գնել, շեշտում են տնտեսագետները։
Տարածաշրջանի երկրներում մակրոտնտեսական ազդեցություններն, ըստ S&P-ի վերլուծաբանների, գոնե կարճաժամկետ կտրվածքով կզսպվեն։
«Կարծում ենք՝ ներգաղթյալների, ներդրումների և կապիտալի անմիջական և զգալի արտահոսք Կենտրոնական Ասիայից և Կովկասից՝ հակամարտության հնարավոր ավարտից հետո դժվար թե լինի: Դա պետք է սահմանափակի տնտեսական փոփոխականությունը», - ասված է նրանց մեկնաբանության մեջ:
Գործակալությունը նաև բնակչության լայնածավալ արտահոսք չի ակնկալում, քանի որ միգրացիայի գագաթնակետն արդեն անցել է, և շատ ներգաղթյալներ կամ վերադարձել են Ռուսաստան, կամ մեկնել այլ երկրներ։
Զեկույցում ներկայացված են հետևյալ տվյալները՝ 2022 թվականին Ռուսաստանից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ, նրանց թվում՝ մոտ 150 հազարը՝ Ղազախստան, նույնքան մարդ՝ Սերբիա, մոտ 110 հազարը՝ Հայաստան և մոտ 62 հազարը՝ Վրաստան։ Միևնույն ժամանակ, ներգաղթյալների դրական տնտեսական հետևանքները, որոնք նպաստել են մի շարք ոլորտների, մասնավորապես՝ ՏՏ, լոգիստիկայի, ֆինանսական ծառայությունների և զբոսաշրջության զարգացմանը, կպահպանվեն, թեև դրանց մասշտաբները որոշակիորեն կնվազեն, նշում են զեկույցի հեղինակները։
«Ակնկալում ենք, որ իրական ՀՆԱ-ի աճը Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2025-27 թվականներին 2022-24 թվականների համեմատ կդանդաղի, քանի որ Ռուսաստանից առևտրի, տրանսֆերտների և կապիտալի ներհոսքի ժամանակավոր աճը կայունանում է: Ակնկալում ենք, որ Վրաստանում և Հայաստանում հաջորդ երեք տարիների ընթացքում 2022-24 թվականների համեմատ աճը գրեթե երկու անգամ կկրճատվի՝ համապատասխանաբար 9,4%-ի և 8,8%-ի, սակայն կայուն կմնա»,- ասված է մեկնաբանության մեջ։




























