Թուրքիայի կենտրոնական բանկը շուկայական կանոնների շրջանակներում արդյունավետ և վճռականորեն կօգտագործի բոլոր գործիքները՝ կայունությունը պահպանելու համար, կիրակի օրը բանկիրներին է ասել ԿԲ ղեկավար Ֆաթիհ Քարահանը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի բանկերի ասոցիացիային (TBB):
Հայտարարության մեջ ասվում է, որ Քարահանը և TBB-ի վարչության անդամները կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են շուկայում տեղի ունեցած վերջին զարգացումները, այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը պաշտոնապես կալանավորել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:
Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոռուպցիայի, կաշառակերության և կաշառման մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ «մտադրված չէ տեղի տալ» իշխանությունների ճնշմանը։ Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։ Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։
Ստամբուլի BIST 100 ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը բացման ժամանակ նվազել է 6,87%-ով՝ Իմամօղլուի կալանավորման մասին լուրերի ֆոնին։





























