ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը, CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
Ըստ նրա, մարտի 24-ի բանակցություններում կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են հրադադարը, խաղաղապահների տեղակայումը և տարածքների խնդիրը։
Ուոլցը հավելել է, որ ռուս-ամերիկյան բանակցություններում «մշտական և կայուն խաղաղության համար տարածքի յուրատեսակ քննարկում» կանցկացվի։
Մարտի 20-ին ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ ՌԴ և ԱՄՆ փորձագետների խորհրդակցությունները տեղի կունենան մարտի 24-ին Էր-Ռիադում։
«Պարոն Ուոլցի հետ պայմանավորվեցինք, որ այս հարցի շուրջ երկկողմ ձևաչափով խորհրդակցությունները կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից։ Այս խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, Էր Ռիադում»,- ասել է նա։





























