ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը՝ փոխնախագահի կինը, հաջորդ շաբաթ կմեկնի Գրենլանդիա, որպեսզի, Սպիտակ տան հայտարարության համաձայն, դիտի շներով սահնակների ազգային մրցավազքը և «տոնի Գրենլանդիայի մշակույթն ու միասնությունը», հայտնում է CNN-ը։
Ուղևորությունը տեղի է ունենում արկտիկական կղզին բռնակցելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմիցս արած սպառնալիքների ֆոնին:
Ուշա Վենսը «որդու և Միացյալ Նահանգների պատվիրակության հետ կմեկնի Գրենլանդիա՝ այցելելու պատմական վայրեր, զգալու Գրենլանդիայի ժառանգությունը և մասնակցելու Գրենլանդիայի շներով սահնակների ազգային մրցավազքին», ասվում է փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Ես գալիս եմ նաև նշելու մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության երկար պատմությունը և հույս հայտնելու, որ մեր հարաբերությունները գալիք տարիներին միայն կամրապնդվեն», - գրել է Վենսը կիրակի օրը Instagram-ում:
Պաշտոնը ստանձնելուց առաջ և հետո Թրամփը շահագրգռվածություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կղզին բռնի ուժով կամ տնտեսական պարտադրանքով կվերցնի, վերջին անգամ այս պնդումն արել է Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթի ժամանակ:
«Կարծում եմ, որ այս կամ այն կերպ մենք դրան կհասնենք», - ասել է նա այս ամսվա սկզբին իր ուղերձում: Գրենլանդիան դանիական ինքնավար տարածք է։
Նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, հունվարին Գրենլանդիա այցելելուց հետո հայտնվեց թերթերի վերնագրերում: Սա կլինի երկրորդ տիկնոջ երրորդ միջազգային ուղևորությունը և երկրորդ ինքնուրույն արտասահմանյան ճանապարհորդությունը:





























