Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի, մշակույթի եւ սպորտի բնագավառի ներկայացուցիչներին։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ ՝ քաղաքապետն ընդգծել է մշակույթի գործիչների դերը ոչ միայն ոլորտի ավանդույթների պահպանման, այլեւ որակյալ մշակութային միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մշակութային ոլորտին աջակցելու ծրագրերը եւ ընդառաջելու է լավագույն նախագծերին։

«Ուրախությամբ ողջունում եմ այն փաստը, որ կազմակերպվող փառատոները, ցուցահանդեսներն ու երաժշտական միջոցառումները ոչ միայն միջազգային ասպարեզ են դուրս գալիս ճանաչում բերելով մեզ, այլեւ մեր քաղաքում նոր ավանդույթներ են ձեւավորում եւ մշակութային պատմություն կերտում» , – նշել է քաղաքապետը։

Հայկական գեղանկարչության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 75–ամյա հոբելյանի կապակցությամբ գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը, հայ պարարվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 70–ամյա հոբելյանի կապակցությամբ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը, հայ թատերական արվեստում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 70–ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը Երեւանի քաղաքապետի որոշմամբ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Արվեստի եւ մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ 2011թ. արդյունավետ գործունեության եւ ստեղծագործական հաջողությունների համար պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով։