Վանաձորում, այսօր` դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լենինգրադյան փողոցի տնակային ավանում գտնվող 5/4/3/1 տնակում:
Տնակում բնակվում է 6 մարդ, ովքեր բարեբախտաբար տանը չեն եղել:
Նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումից: Տանտերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չկարողացավ նշել հրդեհի բռնկման ստույգ պատճառները, սակայն նա եւս համամիտ է, որ հրդեհը հավանաբար բռնկվել է հոսանքի տատանումից:
18 քմ տարածք ունեցող տնակում ապրող ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Թեեւ հրդեհը ուժեղ չի եղել, սակայն տնակը լուրջ վնասներ է կրել, քանի որ փայտից է եղել: Հրդեհը նկատել են հարեւանները, ովքեր ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որն էլ մարել է հրդեհը:
Տնակի բնակիչ Կամո Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ինքը հրդեհի պահին աշխատանքի է եղել, ընտանիքի մյուս անդամները` կինը եւ 4 անչափահաս երեխաները եւս դրսում են եղել: Հարցին, թե արդյոք հրդեհը դիտավորության արդյո՞ւնք է, տանտերը պատասխանեց, որ ինքը որեւէ մեկին վատություն չի արել, հետեւաբար որևէ մեկը չէր փորձի վնասել իրեն:
Մեր նկարահանման ժամանակ դեպքի վայրում աշխատում էր Լոռիի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ Դավիթ Սահակյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի կարող հստակ նշել հրդեհի առաջացման պատճառը, սակայն նախնական վարկածով հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքի լարերից:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























