Ճանապարհի կոլլապսն ու Երևանում օրեցօր ավելացող խցանումները մայրաքաղաքի լրջագույն խնդիրներից են։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երևանի ավագանու անդամ Ալեքսանդր Բադալյանը։
«Այդ լրջագույն խնդրի պատճառներից մեկը քաղաքաշինական սխալներն են։ Այդ «գաղջ» ժամանակներում ընդունված հապճեպ որոշումներում հետաքննող լրագրողներին խորհուրդ կտամ պարզել, թե ով է ստորագրել վերոնշյալ որոշումները։ Եթե մենք չպատժենք այդ անձանց, ապա գոնե հասարակությունը պետք է իմանա, թե ում շնորհիվ է հայտնվել այս վիճակում»,- նշում է Բադալյանը։
Որպես օրինակ նա բերել է իրավիճակը Աբովյան փողոցից դեպի Չարենց, որտեղ 50-60-ականների շենքերով լայն փողոց կա։ Անցնում ենք Սայաթ-Նովա, նախկինում Լերմոնտովա կոչվող հատվածը մնում է նույն լայնությունը։ Բայց Չարենցի փողոցի առանցքով տեսեք, թե ինչ շենք է բարձրանում, որն ամբողջությամբ փակել է շարունակությունը։ Կամ Չարենցից Նար-Դոս մեկնող հոսքը նեղանում է կրպակների պատճառով, որոնցից կարելի էր քաղաքը մաքրել։ Այնուհետև, Արշակունյաց չհասած, փողոցը նորից լայնանում է։ Ակնհայտ է, որ մենք կորցրել ենք այդ հատվածը։
8-10 տարի առաջ կառուցված շենքերը բարձրանում են այս նեղ փողոցի կարմիր գծի մոտ՝ անհնարին դարձնելով Չարենցի փողոցի չափերի ընդլայնումը։ Սա փրկություն կլիներ այս հատվածի խցանումներից: Խելացի վարորդը որոշակի ժամերի չի այս փողոցներ խցկվի: Քաղաքաշինական նման սխալները հնարավորություն չեն տալիս քաղաքի հետագա բարեկարգման համար լավ լուծումներ գտնել։
Կոնկրետ փողոցներ ու խաչմերուկներ չեմ նշի, բայց արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի այս հատվածում երթևեկությունը կաթվածահար է լինելու այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով»,- եզրափակել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։




























