Ես չեմ սիրում ռմբակոծությունները: Դրա մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի հեռանկարների մասին հարցին։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է հարձակումներ իրականացնել, որոնց արդյունքում «ամեն շաբաթ հազարավոր երիտասարդներ են զոհվում», հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Սպիտակ տունը ցանկանում է, որ Ուկրաինայի վրա ռուսական ռմբակոծությունները դադարեցվեն, շեշտել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը երկու անգամ հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ամերիկյան պատվիրակությունը Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 3-4-ը Վաշինգտոնում էր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որի նկատմամբ պատժամիջոցներն այս այցի կապակցությամբ հանվել էին։