ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանի օգնական Է.Աթանեսյանը հայտարարել է, որ «USA Armenian Life Magazine» հանդեսում տեղ գտած տեղեկատվությունը «կեղծ է եւ կառուցված է բամբասանքների վրա»:
«Հայտնի է, որ հարկ եղած ժամանակ պրն. Ղուկասյանը միշտ էլ հրապարակայնորեն արտահայտել է իր տեսակետը օրակարգային ամենակարեւոր հարցերի վերաբերյալ։ Ուստի, իր անունից, այն էլ կեղծ եւ բամբասանքների վրա կառուցված գնահատականներ հնչեցնողների կարիք նա չունի։ Բնական է, որ ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Կանադայի եւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պարոն Ղուկասյանը իրեն չէր կարող թույլ տալ եւ թույլ չի տվել նման գնահատականներ հնչեցնել եւ, առավելեւս՝ քաղաքավարության շրջանակներից դուրս արտահայտվել այն գործիչների հասցեին, ում անձամբ գնահատում եւ հարգում է։ Ակնհայտ է, որ գործ ունենք պարոն Ղուկասյանին՝ ենթատեքստից կտրված եւ խեղաթյուրված մեջբերումներ եւ պրիմիտիվ գնահատականներ վերագրելու անհաջող փորձի հետ»,- նշել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ USA Armenian Life Magazine հանդեսը գրել էր, որ նոյեմբերի 3-ին Լոս Անջելեսում եղած ժամանակ Արկադի Ղուկասյանն անդարդառնալով հայ-թուրքական զարգացումներին, ասել էր, որ արձանագրությունները պարունակում են տարբեր թույլ կողմեր և բացթողումներ: Նա նշել էր, որ ինքը քաջատեղյակ է եղել և հասկանում է սփյուռքի դժգոհությունները արձանագրությունների հետ կապված և կիսում է դրանք: Ա. Ղուկասյանի ներկայացմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «շատ թույլ է և անպատրաստ», իսկ սփյուռքի հետ երկխոսությունը շատ ուշ է կայացել, որը նույնպես սխալ էր:
ԼՂՀ նախկին նախագահը շեշտել է, որ ինքը տասն անգամ ավելի շատ է արտահայտել իր դժգոհությունը Սերժ Սարգսյանին արձանագրությունների հետ կապված, քան սփյուռքը: Նա նաև նշել է, որ «Սերժ Սարգսյանը հավանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիվ և հայրենասեր անձնավորություն է և իր ուսերին մեծ պատասխանատվություն է ստանձնել», նա կոչ է արել բոլորին սատարել և ոչ թե հակադրվել նրան:




























