«Թռչկան» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին բնապահպանական հզոր ակցիա է կազմակերպում:

Նախաձեռնությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այնուհետեւ քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ եւ ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու եւ լուծման եղանակներ գտնելու նպատակով:

Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ եւ Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության եւ առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման»: