Ճապոնիայի, Դանիայի և այլ երկրների գիտնականների միջազգային թիմը եկել է այն եզրակացության, որ Թայվանը բնակեցված է եղել դենիսովյան մարդկանցով՝ նեանդերթալցիներին և ժամանակակից մարդկանց ազգակից հնագույն մարդկանց քիչ ուսումնասիրված խումբ: Դա է վկայում կղզու ափամերձ Պենհու նեղուցում հայտնաբերված ծնոտոսկրի վերլուծությունը: Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ​​ամսագրում։

Ծնոտը պատահաբար գտել են 2008 թվականին՝ հողահանման աշխատանքների ժամանակ, ավելի ուշ այն նվիրաբերվել է թանգարանին։ Ոսկորը թվագրվել է պլեյստոցենի դարաշրջանով (2,6 միլիոնից 11,7 հազար տարի առաջ):

Բրածոյի վիճակն անհնարին է դարձրել հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրությունը: Սակայն գիտնականներին հաջողվել է թերի ծնոտոսկրից հանել որոշ սպիտակուցային հաջորդականություններ:

Ներկա դրությամբ դենիսովյան մարդու հայտնի բրածոները ներառում են ծնոտի մասնակի ոսկորներ, մի քանի ատամ և մատի ոսկորների հատվածներ, որոնք հայտնաբերվել են Սիբիրի և Տիբեթի քարանձավներում: Որոշ փորձագետներ կարծում են, որ Լաոսի քարանձավում հայտնաբերված բրածոները նույնպես կարող են պատկանել դենիսովյան մարդուն։

Դենիսովյան մարդն անհետացել է 30-50 հազար տարի առաջ, սակայն հետք է թողել ժամանակակից ժողովուրդների ԴՆԹ-ում։ Օրինակ, դենիսովյան մարդիկ նրանցից ժառանգել են EPAS1 բարձր հարմարվողականության գենը, իսկ պապուասներն ու Ավստրալիայի բնիկներն ունեն մինչև 5-6% դենիսովյան ԴՆԹ: