ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես դադարեցրել է ներգաղթյալների կալանքի տակ գտնվող վենեսուելացի տղամարդկանց արտաքսումը, հայտնել է Bild-ը։

«Կառավարությանը կարգադրվել է ձեռնպահ մնալ այս բանտարկյալների խմբի ենթադրյալ անդամներին Միացյալ Նահանգներից արտաքսելուց՝ մինչեւ հետագա ծանուցում»,- նշվել է դատավորների հայտարարությունում։

Խոսքը Տեխաս նահանգի Անսոն քաղաքի Բլյուբոնեթ բանտում բանտարկված տասնյակ վենեսուելացիների մասին է: Իշխանությունները տղամարդկանց նկարագրել են որպես հանցախմբի անդամներ, որոնք ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի եւ այլ հանցագործությունների մեջ Հարավային Ամերիկայում: Թրամփն իր ընտրարշավում խոստացել էր կոշտ պայքար մղել միգրացիայի դեմ, որպեսզի արագացնի Tren de Aragua-ի՝ հանցավոր խմբավորման (որն առաջացել էր վենեսուելական բանտերում եւ նրա վարչակազմի կողմից ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն) ենթադրյալ անդամների արտաքսումը միգրացիոն պլանի հիման վրա՝ վկայակոչելով 1798թ. «Օտար թշնամիների մասին» օրենքը:

Փաստաբանները շտապ միջնորդություններ են ներկայացրել մի քանի դատարաններ, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարան: Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ որոշ վենեսուելացիներ արդեն նստեցվել են ավտոբուսներ, եւ նրանց տեղեկացրել են իրենց մոտալուտ արտաքսման մասին՝ առանց ժամանակ տալու վիճարկել արտաքսումը, ինչպես պահանջում է Գերագույն դատարանը: Ամբողջ երկրում իրավաբանները կոչ են անում նվազագույնը 30 օր տրամադրել արտաքսումը վիճարկելու համար, սակայն Թրամփի վարչակազմը չի հստակեցրել, թե որքան ժամանակ է մտադիր տրամադրել:

«Մենք չենք բացահայտի մեր հակաահաբեկչական գործողության մանրամասները, սակայն կատարում ենք Գերագույն դատարանի հրամանը»,- ասել է ներքին անվտանգության փոխնախարար Թրիշա Մակլաֆլինը։

Դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը կհարգի Գերագույն դատարանի որոշած սահմանները։ Հակառակ դեպքում այս վեճը կարող է վերածվել իշխանության երկու իրավահավասար թեւերի միջեւ լուրջ բախման եւ, թերեւս, նույնիսկ լայնածավալ սահմանադրական ճգնաժամի։