Հայ ազգային կոնգրեսը գործող վարչախմբի հետ չի համագործակցում եւ նախկին պես շարունակում է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն մեղադրանքներին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ:

Ավելին, ըստ Զուրաբյանի, իշխանությունների հետ գործարքի մեջ են իրենց մեղադրողները, մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Զուրաբյանի խոսքով, Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ստանձնել իշխանության պատասխանատվությունը: «Մենք դրել ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջ եւ մեր գործողությունները միտված են դրան»,- ասաց Զուրաբյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ ակտիվի ժողովում ունեցած ելույթով փորձում է լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին, Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ լեգիտիմություն կարող է տալ միայն ժողովուրդը, իսկ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզապես խորհուրդ է տվել դրսում լեգիտիմություն փնտրելու փոխարեն արժանանալ ժողովրդի բարեահաճությանը: