Ռումինիայի ծայրահեղ աջակողմյան նախագահի առաջատար թեկնածու Ջորջի Սիմիոնը երեքշաբթի հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջարկի փոխհատուցման միջոցներ՝ ռումինական ընկերությունների նկատմամբ Միացյալ Նահանգների հնարավոր առևտրային մաքսատուրքերի հետևանքները մեղմելու համար, հաղորդում է Reuters-ը։

Ռումինական լեյը երեքշաբթի անկում է ապրել ավելի քան 2%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 5 եվրոյի կարևորագույն նշագիծը, մինչդեռ Ռումինիայի միջազգային պետական ​​պարտատոմսերի մեծ մասը շարունակել է անկում ապրել։ «Բնականաբար, անհնար կլիներ համաձայնության գալ բացառապես Ռումինիայի համար մաքսատուրքերի կրճատման շուրջ, քանի որ մեր երկիրը միասնական եվրոպական շուկայի մաս է կազմում և կապված է նույն մաքսային կանոններով, ինչ ԵՄ մյուս անդամ պետությունները, - երեքշաբթի անցկացված համաժողովում նշել է Սիմիոնը։ - Սակայն ես մտադիր եմ նախագահ Թրամփին առաջարկել այլ փոխհատուցող միջոցառումներ՝ Ռումինիայի վրա այս աճի ազդեցությունը մեղմելու համար։

Մասնավորապես, ես կպաշտպանեմ Ռումինիայում ամերիկյան ներդրումների ավելացումը։ Թեև նախագահ Թրամփը և ես երկուսս էլ պաշտպանում ենք ազատ շուկաները, գիտակցում ենք, որ կառավարություններն ունեն տարբեր մեխանիզմներ այս նպատակին հասնելու համար, օրինակ՝ ԱՄՆ Ex-Im բանկի միջոցով»։ Սիմիոնը նշել է նաև, որ մտադիր է խորհրդակցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որն այն քիչ եվրոպական առաջնորդներից մեկն է, որով ինքը հիանում է։

«Եթե ես ընտրվեմ, անպայման կպաշտպանեմ Ռումինիայի շահերը այնպես, ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է Ամերիկայի շահերը»,-հավելել է Սիմիոնը։ «Սակայն մեր շահերը համընկնում են, ինչը բարենպաստ սցենար է ստեղծում, որի դեպքում իմ հնարավոր նախագահությունը մեծապես կօժանդակի Ռումինիայում ամերիկյան ներդրումներին և բիզնեսին»։

Եվրասկեպտիկ Սիմիոնը կիրակի օրվա ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների գրեթե 41%-ը, ինչը հանգեցրեց ձախակողմյան վարչապետ Մարսել Չոլակուի հրաժարականին և արևմտամետ կոալիցիոն կառավարության փլուզմանը։ Սիմիոնը մայիսի 18-ին անցկացվելիք երկրորդ փուլում կմրցի Բուխարեստի քաղաքապետ, անկախ կենտրոնամետ Նիկուշոր Դանի հետ։ Ընտրությունները դիտվում են որպես ԵՄ-ում Դոնալդ Թրամփի ոճով ազգայնականության աճի փորձարկում։

Սիմիոնը դեմ է հարևան Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը, քննադատում է ԵՄ ղեկավարությանը և հայտարարում, որ աջակցում է ԱՄՆ նախագահի «Ամերիկան վերստին մեծագույն դրաձնենք» շարժմանը։ Քաղաքական դիտորդները նշում են, որ նրա հաղթանակը կարող է մեկուսացնել Ռումինիան, խաթարել մասնավոր ներդրումները և անկայունացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը։