Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բիզնեսի և առևտրի պետքարտուղար Ջոնաթան Ռեյնոլդսը և առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության պետքարտուղար Դուգլաս Ալեքսանդրը մայիսի 7-ին Լոնդոնում հանդիպել են իրենց թուրք գործընկերների՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթի և առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզկուի հետ՝ քննարկելու համար Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի ուղիները՝ առևտրի ընդլայնման միջոցով։
Մեծ Բրիտանիան և Թուրքիան ունեն ամուր տնտեսական հարաբերություններ, որոնց միջև առևտուրը 2024 թվականին կազմել է մոտ 28 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը Թուրքիան դարձնում է Մեծ Բրիտանիայի 16-րդ խոշորագույն առևտրային գործընկերը, իսկ բրիտանական ընկերություններն արդեն իսկ արտահանում են 9,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ապրանքներ և ծառայություններ 86 միլիոն բնակչություն ունեցող աճող շուկա, ասված է զեկույցում։
Նախարարները վերահաստատել են Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների կարևորությունն ու ամրությունը, պարտավորվել շարունակել ավելի սերտ համագործակցությունը զարգացնելը և առևտուրն ու ներդրումների ընդլայնումը, ինչպես նաև ընդգծել ազատ առևտրի պաշտպանության կարևորությունը։ Նրանք հաստատել են նաև իրենց մտադրությունը՝ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել հուլիսի վերջին։
Նախարարները հանդիպումն ավարտել են՝ ստորագրելով առևտրի տեխնիկական խոչընդոտների (TBT) վերաբերյալ վերանայված գլուխը՝ որպես Մեծ Բրիտանիա-Թուրքիա 2020 թվականի ազատ առևտրի համաձայնագրի փոփոխություն: Այդ գլուխը համապատասխանեցնում է Մեծ Բրիտանիա-Թուրքիա TBT դրույթները Մեծ Բրիտանիա-ԵՄ առևտրի և համագործակցության համաձայնագրի (TCA) դրույթներին՝ նվազեցնելով ծախսերը և հեշտացնելով առևտուրը բիզնեսների համար: Մեծ Բրիտանիան աշխարհում ծառայությունների երկրորդ խոշորագույն արտահանողն է, սակայն 2024 թվականին Մեծ Բրիտանիայից Թուրքիա արտահանման միայն 34%-ն էր ծառայություններ։
2020 թվականին Մեծ Բրիտանիայից Թուրքիա արտահանումը Մեծ Բրիտանիայում ուղղակիորեն ապահովել է մոտ 57 հազար 100 աշխատատեղ, որոնց ավելի քան 68%-ը կապված է եղել ծառայությունների հետ։ Ներկայում (2024 թվականի դրությամբ) Մեծ Բրիտանիայի ավելի քան 7800 ընկերություններ ապրանքներ են արտահանում Թուրքիա:
Թուրքիայի տնտեսությունն այժմ աշխարհում 17-րդ խոշորագույնն է։ Ակնկալվում է, որ այն մինչև 2050 թվականը ծավալով կդառնա 12-րդն՝ աշխարհում և չորրորդը՝ Եվրոպայում։
Թուրքական Eren Holding Group ընկերությունը վերջերս 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ է ներդրել Հյուսիսային Ուելսում։ Այդ ներդրումները կփրկեն 147 աշխատատեղ և կստեղծեն ևս 220-ը: Նախագիծը ֆինանսավորում է Ուելսի կառավարությունը գրեթե 13 միլիոն ֆունտ ստեռլինգով և 136 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ Մեծ Բրիտանիայի արտահանման ֆինանսավորման առումով:





























