Վրաստանի խորհրդարանի անդամները առաջին ընթերցմամբ քվեարկել են միգրացիոն օրենսդրությունը խստացնող փոփոխությունների փաթեթի օգտին։ Լիագումար նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Օրինագծի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն էր, իսկ հեղինակը՝ Ներքին գործերի նախարարությունը։ Նոր փաթեթը նախատեսում է անօրինական ներգաղթյալների արտաքսման ընթացակարգի պարզեցում և երկրում գտնվելու կանոնները խախտելու համար տուգանքների ավելացում։
Ըստ փոփոխությունների՝ քրեական և վարչական օրենսգրքերում ավելացվում է պատժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսումը երկրից և որոշակի ժամկետով Վրաստան մուտք գործելու արգելքը։ Վրաստանում գտնվելու կանոնները խախտելու համար տուգանքները ևս կբարձրանան։ Բացի դրանից, նախատեսվում է չդադարեցնել օտարերկրացու արտաքսման գործընթացը, եթե բնակության թույլտվություն տրամադրելու կամ վիզայի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ գործերը դատարանում են։
Բացի դրանից, Ներքին գործերի նախարարությունը մտադիր է պայքարել այն դեպքերի դեմ, երբ օտարերկրացիները Վրաստանում ապաստան ստանալու իրենց իրավունքն օգտագործում են շահադիտական նպատակներով։ Այն օտարերկրացիների համար, որոնք ապաստան են խնդրել երկրում գտնվելու առաջին ամսից ոչ շուտ, կներդրվի դիմումի քննարկման արագացված ընթացակարգ։ Ընդհանուր առմամբ, նման հարցումների քննարկման ժամկետները զգալիորեն կկրճատվեն։ Ապաստան տրամադրելու հարցը ևս կքննարկվի անմիջապես սահմանին՝ առանց օտարերկրացու երկիր մուտք գործելու թույլտվության, եթե նրա մուտքն անվտանգության սպառնալիք է ներկայացնում։





























