Շոտլանդիայի խորհրդարանը երեքշաբթի քվեարկել է մի օրինագծի օգտին, որը թույլ կտա Շոտլանդիայում անբուժելի հիվանդություններով ապրող մարդկանց ինքնասպանություն գործել՝ այդ առաջարկը մեկ քայլով մոտեցնելով երկրում իրականություն դառնալուն, հաղորդում է Reuters-ը։

Շոտլանդիայում անբուժելի հիվանդություններով ապրող չափահաս մարդկանց մահվան օժանդակության (Ընթերակայված ինքնասպանության)  մասին օրինագիծը՝ վերջնական քվեարկությունից առաջ կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ Շոտլանդիայի խորհրդարանի անդամները կուսումնասիրեն և լրացումներ կանեն։

Եթե ​​օրենքն ընդունվի, Շոտլանդիան կհամալրի որոշակի հանգամանքներում մահվան օժանդակումը թույլատրող  երկրների, մասնավորապես՝ Շվեյցարիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի և Էկվադորի շարքը։

Դա տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անցյալ տարի տեղի ունեցած պատմական քվեարկությունից հետո, որի ընթացքում օրենսդիրներն աջակցել են Անգլիայում և Ուելսում մահվան օժանդակումը թույլատրող օրինագծին։

Շոտլանդիայում ընդունված օրինագիծը հոգեպես առողջ մեծահասակներին, որոնց մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել, կտա իրենց կյանքին վերջ դնելու իրավունք՝ բուժաշխատողների օժանդակությամբ։

Օրենսդրությունը կներառի այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են երկու բժիշկների կողմից անկախ զննումը և 14-օրյա սպասման ժամանակահատվածը։ Բժշկական օժանդակության համար դիմողները պետք է Շոտլանդիայում առնվազն մեկ տարի ապրած լինեն։ Մարդիկ ստիպված կլինեն ինքնուրույն ընդունել մի նյութ, որը կարող է վերջ դնել իրենց կյանքին։

Օրինագիծը 2021 թվականին ներկայացրել է լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Լիամ ՄըքԱրթուրը, և Շոտլանդիայի օրենսդիրներն արդեն երրորդ անգամ են քվեարկում նման օրենսդրություն ընդունելու օգտին։ Վերջին քվեարկությունը տեղի է ունեցել 2015 թվականին։