Չինաստանը մարտից դադարեցրել է հեղուկացված բնական գազի գնումը (ՀԲԳ) ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացրել է ճապոնական առաջատար Nikkei տնտեսական թերթը ծովային փոխադրումների վերաբերյալ վիճակագրության հիման վրա։

Ամերիկյան ՀԲԳ ծավալները, որոնք Չինաստանը պետք է գնի երկարաժամկետ պայմանագրերով, ամբողջությամբ վերավաճառվում են ԵՄ երկրներում եւ այլ շուկաներում, պարզել է պարբերականը։ Պեկինի այդ գործողությունները, նշել է Nikke-ը, պատասխանն են այն տնտեսական ճնշման, որը Վաշինգտոնը գործադրում է Չինաստանի վրա։

Շուկայական աղբյուրները, ըստ թերթի, կարծում են, որ Չինաստանը կհրաժարվի ԱՄՆ-ից ՀԳԲ գնելուց, քանի դեռ Վաշինգտոնն ամբողջությամբ չի հանել ապրիլին Չինաստանից ապրանքների ներմուծման համար սահմանված բարձրացված տուրքերը։ Փորձագետները նշել են, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հեղուկ բնական գազի արդյունահանման ծավալների ընդլայնման ԱՄՆ ծրագրերի վրա:

Ապրիլին Միացյալ Նահանգները մի քանի փուլով բարձրացրել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը մինչեւ 145 տոկոս։ Ի պատասխան՝ Պեկինը 125 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Ժնեւում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվել են մեղմացնել այդ միջոցները 90 օրով։ Շվեյցարիայում մայիսի 10-11-ը կայացել են բանակցություններ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարցերի շուրջ։ Մայիսի 12-ին կողմերը հայտնել են մաքսատուրքերի փոխադարձ կրճատման մասին. Պեկինը կնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 10 տոկոս, Վաշինգտոնը կիջեցնի մաքսատուրքերը չինական ապրանքների համար մինչեւ 30 տոկոս: Սակայն ճապոնական Yomiuri թերթը կասկած է հայտնել, որ կողմերը կկարողանան սակագների վերաբերյալ վերջնական փոխզիջում մշակել 90 օրվա ընթացքում։