Եվրոպական Միության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը, առաջարկել է փոփոխություններ կատարել ԵՄ օրենսդրության մեջ, որոնք անդամ պետություններին թույլ կտան մերժված ապաստան խնդրողներին արտաքսել այնպիսի երկրներ, որոնց առնչություն չունեն, ինչն, ըստ իրավապաշտպան խմբերի, կխաթարի ապաստան ստանալու իրավունքը, հաղորդում է Reuters-ը։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ փոփոխությունները, որոնք երկրներին թույլ կտան արտաքսել ապաստան խնդրողներին, եթե նրանք կարող են ուղարկվել ԵՄ-ի կողմից անվտանգ համարվող երրորդ երկիր, «կարագացնեն ապաստանի տրամադրման գործընթացը և կնվազեցնեն ապաստանի համակարգի վրա ճնշումը»։

Առաջարկը վերացնում է ապաստան հայցողի և անվտանգ երրորդ երկրի միջև կապի առկայության պահանջը։

«Վերանայված անվտանգ երրորդ երկրի հայեցակարգը ևս մեկ գործիք է, որը կօգնի անդամ պետություններին ավելի արդյունավետ կերպով մշակել ապաստանի դիմումները՝ միաժամանակ հարգելով Եվրոպական Միության արժեքներն ու հիմնարար իրավունքները», -հայտարարել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունները։

27 անդամ-երկրներից բաղկացած ԵՄ-ում հակամիգրացիոն տրամադրություններն աճել են 2015 թվականին Միջերկրական ծովով մեկ միլիոնից ավելի մարդկանց՝ հիմնականում սիրիացի փախստականների ժամանումից ի վեր, ինչը անակնկալի բերեց դաշինքին։

Չկարողանալով համաձայնության գալ պատասխանատվությունը կիսելու հարցում՝ ԵՄ երկրները հիմնականում կենտրոնացել են վերադարձի և ժամանողների թվի կրճատման վրա։

Փոփոխությունները միաժամանակ նախատեսում են, որ եթե ապաստան հայցողները բողոքարկեն իրենց մերժված դիմումները, նրանց ավտոմատ կերպով կարգելվի մնալ ԵՄ-ում բողոքարկման գործընթացի ժամանակահատվածում։

Առաջարկը բխում է ԵՄ միգրացիոն համաձայնագրից, որն ընդունվել է 2023 թվականին և նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026 թվականին: Սակայն դրա ընդունման համար անհրաժեշտ կլինի Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ պետությունների կառավարությունների հաստատումը: Ապրիլին Եվրահանձնաժողովն այնպիսի երկրների, ինչպիսիք են Եգիպտոսը և Թունիսը, որտեղ մարդու իրավունքների վերաբերյալ տվյալները ուսումնասիրության տակ են, ներառեց «անվտանգ երկրների» ցանկում, որտեղ կարող են վերադարձվել մերժված ապաստան խնդրողները։

Մեկ ամիս առաջ  Եվրահանձնաժողովն առաջարկեց անդամ պետություններին թույլ տալ կենտրոններ հիմնել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում, որտեղ ներգաղթյալները, որոնց ապաստանի դիմումները մերժվել էին, կսպասեին արտաքսմանը։