ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Գազայում շարունակվող պատերազմից և կարծում է, որ դա Մերձավոր Արևելքի բարգավաճմանը խոչընդոտող վերջին խնդիրն է, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին։

Ըստ պաշտոնյաներից մեկի՝ Թրամփը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ պահանջելով մարդասիրական օգնության համար բացել մարտ ամսից փակված անցակետերը, քանի որ նրան վրդովեցրել էին Գազայի հատվածում տառապող երեխաների և նորածինների լուսանկարները։

«Նախագահը հիասթափված է Գազայում տեղի ունեցողից։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, որ պատանդները վերադառնան տուն, որ օգնություն հասնի Գազա: Նա ցանկանում է սկսել Գազայի վերակառուցումը։ Նախագահը տեսնում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման իրական հնարավորություն, բայց Գազայում պատերազմը վերջին թեժ կետն է, և նա ցանկանում է, որ այն ավարտվի»,-նշել է աղբյուրը։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ շատերը հիասթափված են հակամարտության ձգձգումից։

Աղբյուրը հավելել է, որ անցյալ շաբաթ կնքված հրեական ծագումով ամերիկացի զինվոր պատանդ դարձած Էդան Ալեքսանդրի ազատ արձակման համաձայնագիրը ծագել է այս զգացողությունից։

Իսրայելցի պաշտոնյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հարցում Թրամփի կողմից ճնշում չի զգում։

«Եթե նախագահը ցանկանում է ստանալ պատանդներին և Գազայում հրադադարի շուրջ բանակցություններ վարել, նա պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրի երկու կողմերի վրա», -նշել է նա։