NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել, որի հեղինակը նշում է, որ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ով Երեւանի թիվ 135 միջնակարգ դպրոցում տարիներ շարունակ պատմություն առարկա է դասավանդում, տոներից առաջ դասի ժամանակ հարվածել է 9-րդ դասարանցի մի աշակերտի եւ կոտրել նրա քիթը:

Նամակում նշվում է, որ հարվածից հետո տղային տեղափոխել են բուժկետ, որտեղ պարզվել է, որ քիթը կոտրված է: «Գեղամ Հարությունյանը ամեն կերպ փորձում է թաքցնել միջադեպը եւ լեզու է գտել տղայի ծնողների հետ, որպեսզի նրանք չբողոքեն ոստիկանություն: Դեպքի ականատես վկաներ կան` բուժկետի բժիշկը: Դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանը, ով չի կարող տեղյակ չլինել միջադեպի մասին պարզապես «ազդեցիկ» ընկերոջը չկորցնելու վախից նույնպես լռում է: Իմ երեխան նույնպես սովորում է այդ դպրոցում: Ինչպես կարող եմ ես հանգիստ խղճով ուղարկել նրան դպրոց, չէ որ նույն բանը կարող է տեղի ունենալ իմ տղայի հետ, քանի որ նույն Գեղամ Հարությունյանը նրան էլ է դաս տալիս»,- նշվում է նամակում: Տեղեկացվում է նաեւ, որ կատարվածի մասին տեղյակ է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը միջադեպի մասին տեղեկացել է տվյալ նամակի միջոցով: «Բացի նամակից դեռեւս այլ ինֆորմացիա չունեմ»,- ավելացրեց Արթուր Սաքունցը:

Գնալով նամակի հետքերով զրուցեցինք 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսիսյանի հետ, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Գեղամ Հարությունյանը դասավանդում է իրենց դպրոցում, սակայն հերքեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել: «Նախ դպրոցում ընդհանրապես ջարդված քթով երեխա չկա: Նախարարությունից էլ են զանգել, բայց նման բան չի եղել բացառվում է: Մեկը Նոր Տարում հավանաբար ցանկացել է չար կատակ անել: Գեղամ Հարությունյանը բավականին կարդացած, զարգացած, խելացի մարդ է: Հնարավոր չէ, որ նրա դասերին նման միջադեպ արձանագրված լինի: Ինձ համար էլ է աբսուրդ, թե ով է, ինչ է, ինչի համար է սարքել այս ամենը կամ ինչին է պետք»,- նշեց տնօրենը:

Դպրոցի բուժքույր Աննա Հարությունյանը  եւս նշեց, որ իրենց մոտ քիթը կոտրած երեխա չի եկել: «Կարող է ինչ-որ արնահոսությամբ երեխա եկել է, բայց կոնկրետ չեն նշել, թե ինչի համար: Այդ տարիքի երեխաները չեն ասի պարզ է, բայց քթի կոտրվածքով երեխա չի եկել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրենց չե՞ն խնդրել, որ ինֆորմացիան գաղտնի պահեն, բուժքույրն ավելացրեց. «Դուք գիտեք, որ բժշկության մեջ նման բան չի կարող լինել»:

NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ Գեղամ Հարությունյանի հետ, ով արձագանքելով նամակի բովանդակությանն առաջարկեց. «Եթե այդպիսի բան կար, ծնողները թող դիմեին համապատասխան մարմիններին»: Դիտարկմանը, թե նամակում ասվում է, որ ծնողների հետ համաձայնության է եկել, նա հավելեց. «Ո՞ր ծնողի, ո՞ր երեխայի, ո՞վ է այդ նամակի հեղինակը: Անանուն նամակը ես ինչպես մեկնաբանեմ: Միայն կարող եմ ասել, որ նման բան չկա, նման բան տեղի չի ունեցել: Ինչ-որ բանսարկություն է, չարամտություն ինչ-որ մեկի կողմից: Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղից է գալիս այդ ամենը, որովհետեւ նամակն անստորագիր է: Մի բան գիտեմ, որ նման բան չկա, նման բան տեղի չի ունեցել: Էլ ինչ ասեմ դժվարանում եմ մեկնաբանել: Եթե կոնկրետ մարդ կա, կոնկրետ երեխայի մասին է խոսքը թող գրեն, բերեն, ներկայացնեն, դիմեն համապատասխան մարմիններին, քրեական գործ հարուցեն»: Գեղամ Հարությունյանը նաեւ նշեց, որ չգիտի անգամ, թե ինչ ժամանակի մասին է խոսքը եւ ավելացրեց. «Եթե կոնկրետ օր նշեին կարող է պարզվեր, որ ես այդ օրը դաս էլ չեմ ունեցել»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը