Հյուսիսային Կարոլինայի սենատոր Ջին Շահինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պարտավորեցնել միլիարդատեր Իլոն Մասկին և կառավարության արդյունավետության գործակալության կրճատմանը մասնակցող այլ պետական ծառայողներին ոչ հրապարակային տեղեկությունները սեփական օգուտի համար չօգտագործելու պարտավորություն ստորագրել։
«Հաշվի առնելով DOGE SGE-ի՝ ԱՄՆ կառավարության ամենազգայուն տվյալների հսկայական պաշարներին ստացած աննախադեպ հասանելիությունը, ես խորապես մտահոգված եմ, որ SGE-ները, որոնցից շատերն աշխատում են տեխնոլոգիական ոլորտում, կարող են վերադառնալ մասնավոր հատված և օգտագործել դաշնային կառավարության ոչ հրապարակային տեղեկությունները՝ իրենց անձնական բիզնեսն անբարեխիղճ ձևով և հակամրցակցային գործունեություն ծավալելու համար»,-ըստ NBC News-ի՝ նախագահին ուղղված նամակում գրել է Շահինը։
Նամակը գրելու առիթ են դարձել Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնի վերջերս արված մեկնաբանությունները, ըստ որոնց, նա ցանկանում է նմանատիպ հավաստագրում՝ համոզվելու համար, որ Մասկը կառավարական տվյալներ չի հավաքում։
Չնայած կանոնակարգերն արգելում են պետական պաշտոնյաներին, ներառյալ՝ պետական հատուկ ծառայողներին օգտագործել ոչ հրապարակային տեղեկությունները ֆինանսական շահույթի համար, օրենսդրական արգելք չկա։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին վերջերս քննադատության տակ է հայտնվել ապրիլի 2-ին բաժնետոմսեր վաճառելու համար, հենց այն օրը, երբ Թրամփը հայտարարեց ԱՄՆ առևտրային գործընկերների նկատմամբ բարձր մաքսատուրքերի մասին։
Անցյալ ամիս Շահինը դաշնային պայմանագրերը կամ դրամաշնորհային ֆինանսավորումը հատուկ պետական աշխատակիցներին պատկանող ընկերություններին արգելող օրենք հրապարակեց։





























