Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան աշխատում են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափման և դրա զորացրման համար պայմաններ ստեղծելու առաջարկի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները կապի մեջ են եղել ՀԱՄԱՍ-ի հետ՝ դրա ջանքերի շրջանակում: Հստակ չէ՝ ֆրանսիացի պաշտոնյաները բանակցություններ են վարե՞լ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ-ի հետ:

Աղբյուրները նշել են, որ նպատակն է խումբը վերածել զուտ քաղաքական միավորի, որը դեռևս կարող է դեր խաղալ Պաղեստինի ապագա կառավարման գործում։

Նշվում է, որ եթե  ՀԱՄԱՍ-ին թույլատրվի պահպանել որոշակի քաղաքական իշխանություն, չի բացառվում, որ խմբավորումը կհամաձայնի զինաթափմանը։

Մինչդեռ Իսրայելը կարող է դիմադրել այդ գաղափարին, քանի որ նրա կառավարությունը պնդում է, որ խմբավորումը Գազայի պատերազմի ավարտից հետո որևէ քաղաքական իշխանություն չպետք է ունենա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև լարվածությունը ևս աճում է՝ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչմանն ուղղված ջանքերի առնչությամբ։

Հաջորդ ամիս Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի համաժողով՝ Փարիզի և Էր Ռիադի համանախագահությամբ, որը նպատակ ունի աջակցել արաբա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծմանը։ Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները չի հայտարարել, թե արդյոք կաջակցի այդ ջանքերին։ Իսրայելը մերժում է Պաղեստինի պետության գաղափարը, հատկապես 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որը սկիզբ դրեց Գազայի պատերազմին։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի իրականացնել ամբողջ Գազան գրավելու իր նոր ռազմական ռազմավարությունը։ Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի ազատի պատանդներին մինչև մշտական ​​​​հրադադար չհաստատվի և Իսրայելն ամբողջությամբ զորքերը դուրս չբերի Գազայից։