Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 12-ին ուղերձով դիմել է ազգին։
Ստորև ներկայացնում ենք ուղերձի ամբողջական տեքստը.
Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ:
Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք մեր երկրի ցուցաբերած ուժին և համբերությանը: Նախևառաջ, Հնդկաստանի ժողովրդի անունից ես ողջունում եմ Հնդկաստանի քաջարի ուժերին, զինված ուժերին, մեր հետախուզական գործակալություններին և մեր գիտնականներին: «Սինդուր» գործողության նպատակներին հասնելու համար մեր անվախ զինվորները ցուցաբերել են անսահման քաջություն: Ես հարգանքի տուրք եմ մատուցում նրանց քաջությանը, խիզախությանը ու արիությունը: Այս քաջությունը ձոնում եմ մեր երկրի յուրաքանչյուր մորը, յուրաքանչյուր քրոջը և յուրաքանչյուր դստերը:
Ընկերնե՛ր,
Ապրիլի 22-ին Պահալգամում ահաբեկիչների կողմից ցուցաբերված բարբարոսությունը ցնցեց ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ աշխարհը։ Անմեղ քաղաքացիների անողոք սպանությունը նրանց ընտանիքների և երեխաների աչքի առաջ՝ կրոնի հիման վրա, ահաբեկչական և դաժանության ծայրահեղ սարսափելի ակտ էր։ Սա նաև երկրի ներդաշնակությունն ու միասնությունը խաթարելու զազրելի փորձ էր։ Ես անձամբ շատ մեծ ցավ ապրեցի։ Այս ահաբեկչական գործողությունից հետո ողջ ազգը, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր դասի պատկանող մարդ, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն՝ բոլորը միավորվեցին ահաբեկչության դեմ վճռական գործողություններ ձեռնարկելու գործում: Մենք ազատություն տվեցինք Հնդկաստանի զինված ուժերին՝ ահաբեկչությունը վերացնելու համար: Արդյունքում այսօր յուրաքանչյուր ահաբեկիչ, յուրաքանչյուր ահաբեկչական կազմակերպություն գիտի, թե ինչ հետևանքներ կունենա քույրերին ու դուստրերին այրի դարձնելը և առանց Սինդուրի (ամուսնության խորհրդանիշ) թողնելը:
Ընկերնե՛ր,
«Սինդուր» գործողությունը պարզապես անուն չէ, այլ երկրի միլիոնավոր մարդկանց զգացմունքների արտացոլումն է: «Սինդուր» գործողությունը մեր անսասան նվիրվածությունն է արդարադատությանը: Մայիսի 6-ի ուշ գիշերը և մայիսի 7-ի վաղ առավոտյան ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է այս խոստումն իրականություն դառնում: Հնդկաստանի զորքերը ճշգրտորեն հարձակվեցին Պակիստանում գտնվող ահաբեկիչների թաքստոցների և նրանց ուսումնական կենտրոնների վրա: Ահաբեկիչները երբեք չէին պատկերացնի, որ Հնդկաստանը կարող է նման կարևոր որոշում կայացնել, բայց երբ երկիրը միասնական է, առաջնորդվում է «Ազգն առաջին տեղում» ոգով, երբ ազգային շահը գերակա է, ապա կայացվում են վճռական որոշումներ և ձեռք են բերվում արդյունքներ:
Երբ հնդկական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարձակվեցին Պակիստանում գտնվող ահաբեկչական բազաների վրա, ցնցվեցին ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների շենքերը, այլև նրանց քաջությունը: Ահաբեկչական բազաները, ինչպիսիք են Բահավալպուրը և Մուրիդկեն, համաշխարհային ահաբեկչության համալսարաններ են: Աշխարհի խոշոր ահաբեկչական հարձակումները, լինի դա 9/11-ը, Լոնդոնի մետրոյի պայթյունները, թե վերջին տասնամյակների ընթացքում Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր ահաբեկչական հարձակումները, այս կամ այն կերպ կապված են այս ահաբեկչական թաքստոցների հետ: Ահաբեկիչները ջնջեցին մեր քույրերի Սինդուրը (ամուսնության խորհրդանիշ), և ի պատասխան՝ Հնդկաստանը ոչնչացրեց նրանց ահաբեկչական շտաբները: Հնդկաստանի կողմից այս հարձակումների ժամանակ սպանվել է ավելի քան 100 սարսափելի ահաբեկիչ: Վերջին երկուսուկես-երեք տասնամյակների ընթացքում Պակիստանում ազատորեն թափառում էին ահաբեկչական բազմաթիվ առաջնորդներ, որոնք դավադրություն էին կազմակերպել Հնդկաստանի դեմ: Հնդկաստանը նրանց մեկ զարկով ոչնչացրեց:
Ընկերնե՛ր,
Պակիստանը խորապես հիասթափված և շփոթված էր Հնդկաստանի այս գործողությունից, և հուսահատությունից ու շփոթությունից կատարեց ևս մեկ վախկոտ արարք։ Ահաբեկչության դեմ Հնդկաստանի հարվածին աջակցելու փոխարեն, Պակիստանը սկսեց հարձակվել Հնդկաստանի վրա։ Պակիստանը թիրախավորեց մեր դպրոցները, քոլեջները, Գուրուդվարաները, տաճարները և քաղաքացիական անձանց տները։ Պակիստանը թիրախավորեց մեր ռազմական բազան։ Սակայն հենց սրանով էլ Պակիստանն ինքն իրեն մերկացրեց։ Աշխարհը տեսավ, թե ինչպես Պակիստանի անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հնձված խոտի պես ընկան Հնդկաստանի առջև։ Հնդկաստանի հզոր հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրեց դրանք դեռևս երկնքում։ Պակիստանը պատրաստվել էր հարվածել սահմանին, բայց Հնդկաստանը հարվածեց Պակիստանի սրտին։ Հնդկաստանի անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ճշգրիտ հարձակում գործեցին։ Նրանք վնասեցին Պակիստանի ռազմաօդային ուժերի այն ավիաբազաները, որոնցով Պակիստանը շատ հպարտ էր։ Հնդկաստանն առաջին երեք օրերին մեծ վնաս հասցրեց Պակիստանին, ինչը նրանք երբեք չէին կարող պատկերացրել։ Ահա թե ինչու Հնդկաստանի ագրեսիվ գործողություններից հետո Պակիստանն սկսեց փախուստի ուղիներ փնտրել։ Պակիստանը աղերսում էր աշխարհին մեղմել լարվածությունը։ Այսպիսով, ահռելի կորուստներ կրելուց հետո, Պակիստանի բանակը մայիսի 10-ի կեսօրին կապ հաստատեց մեր ռազմական գործողությունների գլխավոր տնօրենի հետ։ Այդ ժամանակ մենք արդեն լայնամասշտաբ ոչնչացրել էինք ահաբեկչության ենթակառուցվածքները։ Ահաբեկիչները ոչնչացվել էին։ Մենք վերացրել էինք Պակիստանի սրտում ստեղծված ահաբեկչական ճամբարները։ Հետևաբար, երբ Պակիստանը դիմեց և հայտարարեց, որ այլևս չի զբաղվելու որևէ տեսակի ահաբեկչական գործունեությամբ կամ ռազմական հանդգնությամբ, Հնդկաստանը հաշվի առավ այդ հայտարարությունը։ Եվ ես կրկնում եմ, մենք պարզապես կասեցրել ենք Պակիստանի ահաբեկչական և ռազմական ճամբարների դեմ մեր պատասխան գործողությունները։ Առաջիկա օրերին մենք կչափենք Պակիստանի յուրաքանչյուր քայլը՝ հիմնվելով այն չափանիշի վրա, թե ինչպիսի դիրքորոշում կընդունի Պակիստանը առաջիկայում։
Ընկերնե՛ր,
Հնդկաստանի զինված ուժերի եռյակը՝ մեր ռազմաօդային ուժերը, մեր բանակը և մեր նավատորմը, մեր սահմանային անվտանգության ուժերը՝ BSF-ը և Հնդկաստանի ռազմականացված ուժերը մշտապես մարտական պատրաստության մեջ են։ Բարձր ճշգրտության հարվածից և օդային հարվածից հետո այժմ «Սինդուր» գործողությունը դարձել է Հնդկաստանի քաղաքականությունը ահաբեկչության դեմ։ «Սինդուր» գործողությունը նոր չափանիշ է սահմանել ահաբեկչության դեմ մեր պայքարում և սահմանել է նոր պարամետր և նոր նորմա։
Նախ, եթե Հնդկաստանի վրա ահաբեկչական հարձակում լինի, կտրվի համարժեք պատասխան։
Մենք համարժեք պատասխան կտանք միայն մեր պայմաններով։ Մենք խիստ գործողություններ կձեռնարկենք յուրաքանչյուր վայրում, որտեղ ահաբեկչության արմատներն են ծլում։
Երկրորդ, Հնդկաստանը չի հանդուրժի որևէ միջուկային շանտաժ։ Հնդկաստանը ճշգրտությամբ և վճռականորեն կհարվածի միջուկային շանտաժի քողի տակ զարգացող ահաբեկչական թաքստոցներին։
Երրորդ, մենք չենք տարբերակի ահաբեկչությունը հովանավորող կառավարությանը և ահաբեկչության կազմակերպիչներին։ «Սինդուր» գործողության ժամանակ աշխարհը կրկին տեսավ Պակիստանի տգեղ դեմքը, երբ Պակիստանի բանակի բարձրաստիճան սպաները եկան հրաժեշտ տալու սպանված ահաբեկիչներին։ Սա պետության կողմից հովանավորվող ահաբեկչության վառ ապացույց է։ Մենք կշարունակենք վճռական քայլեր ձեռնարկել Հնդկաստանը և մեր քաղաքացիներին ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար։
Ընկերնե՛ր,
Մենք միշտ հաղթել ենք Պակիստանին մարտադաշտում։ Եվ այս անգամ «Սինդուր» գործողությունը նոր հարթություն է ավելացրել։ Մենք ցուցադրել ենք մեր կարողությունները անապատներում և լեռներում, ինչպես նաև ապացուցել ենք մեր գերազանցությունը «Նոր դարաշրջանի պատերազմում»։ Այս գործողության ընթացքում ապացուցվեց նաև մեր սեփական արտադրության զենքի հուսալիությունը։ Այսօր աշխարհն ականատես է լինում, որ 21-րդ դարի պատերազմում եկել է «Հնդկաստանում արտադրված» պաշտպանական սարքավորումների ժամանակը։
Ընկերնե՛ր,
Մեր ամենամեծ ուժը մեր միասնությունն է ահաբեկչության բոլոր ձևերի դեմ։ Սա, անշուշտ, պատերազմի դարաշրջան չէ, բայց նաև ահաբեկչության դարաշրջան չէ։ Ահաբեկչության նկատմամբ զրո հանդուրժողականությունը ավելի լավ աշխարհի երաշխիքն է։
Ընկերնե՛ր,
Այն կերպ, ինչպես Պակիստանի բանակը և Պակիստանի կառավարությունն են խրախուսում ահաբեկչությունը, մի օր կոչնչացնի հենց Պակիստանը։ Եթե Պակիստանը ցանկանում է գոյատևել, ապա պետք է ոչնչացնի իր ահաբեկչական ենթակառուցվածքները։ Խաղաղության այլ ճանապարհ չկա։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է... Ահաբեկչությունն ու բանակցությունները չեն կարող միասին լինել... Ահաբեկչությունն ու առևտուրը չեն կարող միասին լինել... Ջուրն ու արյունը չեն կարող նույն հունով հոսել։
Այսօր ես նաև կցանկանայի համաշխարհային հանրությանը ասել, որ մեր հայտարարած քաղաքականությունն է՝ եթե Պակիստանի հետ բանակցություններ լինեն, ապա դրանք կլինեն միայն ահաբեկչության վերաբերյալ, եթե Պակիստանի հետ բանակցություններ լինեն, ապա դրանք կլինեն միայն Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրի (PoK) վերաբերյալ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Բուդդա Պուրնիման։ Տեր Բուդդան մեզ ցույց է տվել խաղաղության ճանապարհը։ Խաղաղության ուղին նույնպես ուժի միջով է անցնում։ Մարդկությունը պետք է շարժվի դեպի խաղաղություն և բարգավաճում։ Յուրաքանչյուր հնդիկ պետք է կարողանա ապրել խաղաղության մեջ և իրականացնել Վիկսիտ Բհարատի (Զարգացած Հնդկաստան) երազանքը։ Դրա համար շատ կարևոր է, որ Հնդկաստանը հզոր լինի։ Ինչպես նաև պետք է օգտագործել այս ուժը անհրաժեշտության դեպքում։ Եվ վերջին մի քանի օրերին Հնդկաստանը հենց դա էլ արել է։
Ես կրկին ողջունում եմ Հնդկաստանի բանակին և զինված ուժերին։ Ես խոնարհվում եմ յուրաքանչյուր հնդիկի քաջության, Հնդկաստանի ժողովրդի միասնության երդման և վճռականության առջև։
Շնորհակալություն:
Փա՛ռք Հնդկաստանին
Փա՛ռք Հնդկաստանին
Փառ՛ք Հնդկաստանին





























