ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը մասնակցել է իր թոռան ավարտական միջոցառմանը, ինչը դարձել է նրա առաջին հրապարակային հայտնությունն այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին նա հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, հայտնում է NBC News-ը։

Նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենի և նախկին նախագահի դստեր՝ Էշլի Բայդենի Instagram-ում հրապարակած լուսանկարներում Ջո Բայդենը հայտնվել է ընտանիքի այլ անդամների հետ՝ նշելու Ռոբերտ Հանթեր Բայդեն II-ի կողմից Կոնեկտիկուտ նահանգի Սոլսբերի դպրոցն ավարտելը։ Հրապարակված է մեկնաբանություն. «Հպարտ տատիկ ու պապիկ։ Շնորհավորում ենք Հանթերին, մենք այնքան հպարտ ենք քեզնով»։

Ուրբաթ օրն ավելի ուշ Էշլի Բայդենի հրապարակած լուսանկարներում երևում է, որ ԱՄՆ նախկին նախագահին նկատել են նաև օդանավակայանում, թեև պարզ չէ, թե որ օդանավակայանում է դա եղել։ Ջո Բայդենը կիրակի օրը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Նրա անձնական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Անցած շաբաթ նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձում հայտնաբերվել է նոր հանգուցային գոյացություն այն բանից հետո, երբ նրա մոտ ուժեղացել են միզարձակման ախտանշանները։ Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը ըստ Գլիսոնի սանդղակի կազմել է 9 միավոր (5-րդ խումբ), ոսկրային մետաստազներով»։

Երեքշաբթի օրը նրա գրասենյակը հրապարակել է երկրորդ հայտարարությունը, որում հավելել է, որ մինչև անցած շաբաթ նրա մոտ երբեք շագանակագեղձի քաղցկեղ չի ախտորոշվել։ Հայտարարության մեջ նաև պարզաբանվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը շագանակագեղձի քաղցկեղի հետազոտություն չի անցել ավելի քան տասը տարի։