Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ փաստը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Վերջինս նաեւ նշեց, որ նախարարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկը ԱԺ պատգամավոր, Կարմիր Խաչի նախագահ Մխիթար Մնացականյանն է: Այլ անուններ Գալստյանը չնշեց:

Ի դեպ, ԲՀԿ-ական նախարարի հրաժարականի պաշտոնական պատճառը նրա առողջական խնդիրներն են, ինչը, թերեւս տարօրինակ է: Վերջին շրջանում նախարարին հեռացնելու մասին խոսակցություններ անընդհատ շրջանառվում էին, ԲՀԿ-ն եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհ էին իրենց նախարարի աշխատանքից, ով ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եղբորորդին է: Սակայն մի քանի օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել էր դրանք՝ ակնհայտ հերյուրանքներ անվանելով: