«Կարծում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալու որոշումը շատ նորմալ որոշում էր, քանի որ նա մեր թիմի անդամ էր, մեր ընտրած վարչապետն էր, հիմա էլ կողմնորոշվեց ու կուսակցության անդամ դարձավ»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ այդտեղ սենսացիաների կամ քաղաքական վերլուծությունների կարիք չկա:

Հարցին, թե ինչո՞ւ ձախողված վարչապետին, որի օրոք Հայաստանն աշխարհում ռեկորդային տնտեսական անկում է արձանագրել` 18,3 տոկոսի չափով, դարձրեցիք ՀՀԿ անդամ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Մենք այդ դիտարկման հետ համաձայն չենք: Չեմ կարծում, որ վարչապետի կուսակցական դառնալը կապ ունի նրա ընդհանուր աշխատանքային գործունեության հետ: Սա նրա ազատ կամքն է, որը մենք շատ լավ ենք ընդունում»:

Իսկ դիտարկմանը, թե Հայաստանում տնտեսական անկումը ավելին է եղել, քան անգամ Ուկրաինայում, որտեղ լուրջ քաղաքական ու տնտեսական խնդիրներ կան, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ուկրաինայում ընդհանրապես անկումներ չպետք է գրանցվեին, որովհետեւ տարբեր կողմերից ճանապարհներ ունեցող երկիր է: Հայաստանը շրջափակման մեջ է, եւ բնական է, որ կլինեն խնդիրներ, որոնք համեմատելի չեն այլ երկրների հետ: Մենք բոլոր ռեսուրսներն օգտագործել ենք: Իհարկե, թերություններ ու քննադատություններ կլինեն, բայց մենք, կարծում եմ, այս ճգնաժամից բաց ճակատով ենք դուրս գալու»:

Հարցին, թե ինչ է փոխվելու երկրի կյանքում՝ վարչապետի կուսակցական դառնալով, Գ. Սահակյանն արձագանքեց. «Դա երկրի կյանքի հետ շատ պետք չի կապել, բայց քաղաքական գործունեության շրջանակների մեծացման երեւի կբերի»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այսուհետեւ Տ. Սարգսյանն ավելի պատասխանատու կլինի «հայկական աշխարհի» կամ «մեր օվկիանոսը գտնելու» մասին հայտարարություններ անելիս, Գ. Սահակյանն ասաց. «Պատասխանատու մարդու համար կուսակցական պատկանելիությունը նշանակություն ունենալ չի կարող: Վարչապետը միշտ էլ մեզ հետ հաշվի է նստել՝ առանց կուսակցության անդամ լինելու»: