15 տարվա հնագիտական ​​հետազոտությունների ընթացքում Ատենեո դե Մանիլա համալսարանի գիտնականները, միջազգային փորձագետների և հաստատությունների հետ համագործակցությամբ, հավաքել են համոզիչ ապացույցներ հին ծովային Հարավարևելյան Ասիայում Ֆիլիպինյան արշիպելագի առանցքային դերի վերաբերյալ։ Արդյունքները հրապարակվել են Archaeological Research in Asia ամսագրում։

Նրանք բացահայտել են մարդկանց արդյունավետ միգրացիայի, առաջադեմ տեխնոլոգիական նորարարությունների և մեծ հեռավորությունների վրա միջմշակութային կապերի պատմությունը, որը հաշվվում է ավելի քան 35 000 տարի։

Գիտնականների վերջին հրապարակման մեջ ներկայացված են Մինդորոյի հնագիտական ​​նախագծի բազմաթիվ տվյալներ և նյութեր, ներառյալ Ֆիլիպինյան արշիպելագում, Արևմտյան Մինդորոյում, մասնավորապես Իլին կղզում, Սան Խոսեում և Ստայում անատոմիականորեն ժամանակակից մարդկանց (Homo sapiens) ներկայության որոշ հնագույն վկայություններ։

Մինդորոն, ինչպես և ֆիլիպինյան հիմնական կղզիների մեծ մասը, բացառությամբ Պալավանի, երբեք կապված չի եղել Հարավարևելյան Ասիայի մայրցամաքային մասի հետ ո՛չ ցամաքային կամուրջներով, ո՛չ էլ սառցադաշտային վահաններով, և դրան հասնելու համար միշտ պահանջվել է ծովն անցնել։ Սա, հավանաբար, խթան է հանդիսացել այս միջավայրը հաղթահարելու և դրանում գոյատևելու համար բարդ տեխնոլոգիաների մշակման համար։ Բազմազան գտածոները, ինչպիսիք են մարդկային մնացորդները, կենդանիների ոսկորները, խեցիները և քարից, ոսկորից ու խեցիներից պատրաստված աշխատանքային գործիքները, ցույց են տալիս, որ Մինդորոյի հին բնակիչները հաջողությամբ օգտագործել են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ռեսուրսները, այնպես որ ավելի քան 30 000 տարի առաջ նրանք արդեն ունեին ծովագնացության ունակություններ և հատուկ ձկնորսական հմտություններ, որոնք թույլ էին տալիս նրանց որսալ բաց ծովի գիշատիչ ձկնատեսակներ, ինչպիսիք են բոնիտոն և շնաձկները, ինչպես նաև կապեր հաստատել հեռավոր կղզիների և Ուոլասիայի ընդարձակ ծովային տարածաշրջանի պոպուլյացիաների հետ։

Հատուկ ուշադրության է արժանի խեցիների նորարարական օգտագործումը որպես աշխատանքային գործիքների պատրաստման հումք, որը սկսվել է ավելի քան 30 000 տարի առաջ։ Դրա գագաթնակետը դարձավ հսկա կակղամորթերի (Tridacna տեսակի) խեցիներից տեսլաների պատրաստումը, որը սկսվել է 7000-9000 տարի առաջ։

Հետազոտողները նաև Իլին կղզում հայտնաբերել են մոտ 5000-ամյա վաղեմության մարդկային գերեզման՝ սաղմի դիրքով թաղված և կրաքարային սալերով ծածկված մարմնով։

Թաղման եղանակը նման էր Հարավարևելյան Ասիայի ողջ տարածքում հայտնաբերված այլ կորացված թաղումներին, ինչը վկայում է ընդհանուր գաղափարական և սոցիալական ազդեցությունների և մայրցամաքից մինչև հեռավոր կղզիներ ընկած ընդարձակ տարածքում աճող սոցիալական բարդության մասին։