ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքում է, որ երեկ՝ հունվարի 10-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչած կրակոցների հեղինակներից մեկը` Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանն իր կամ իր հոր՝ Կամո Գրիգորյանի թիկնապահն է:
«Ես Անուշավանին ճանաչում եմ, որպես անձնավորություն գիտեմ, բայց նա ինձ հետ կապ չունի, ես թիկնապահ չունեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց Մարտուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Արթիկի Բաղրամյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում: Կրակոցին նախորդել է դաժան ծեծկռտուք, ընդ որում մասնակիցների մեջ եղել է ոստիկան՝ Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի խումբ անձինք, որոնց թվում է եղել նաեւ Անուշավան Բաղդասարյանը, նախ կարճ զրույց է ունեցել ոստիկանի հետ, ապա նրան նստեցրել են մեքենան եւ քշել անհատ ձեռներեց Վահագն Քոչարյանին պատկանող սրճարանի ուղղությամբ: Հասնելով սրճարանի մոտ՝ նա ոստիկանության աշխատակցին խաբեությամբ մտցրել է նշված սրճարան ու արդեն սրճարանի առանձնասենյակներից մեկում Ա. Բաղդասարյանը եւ սրճարանում գտնվող Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչներ Մհեր Խաչատրյանն ու վերջինիս հորեղբայր Ավթանդիլ Խաչատրյանը սկսել են հայհոյանքներ եւ սպառնալիքներ տալ ոստիկանության աշխատակցի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել նրան:
Ոստիկանի մոտ եղել է իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով նա օդ է կրակել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հավանաբար գործով կզբաղվի Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի տուգանային հրապարակ:
Արթիկցիների փոխանցմամբ, ինչպես նաեւ մամուլի տեղեկություններով, Ա. Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի մերձավորն է եւ նրա հոր՝ Կամոյի թիկնազորից է եղել: Այսինքն որեւէ տեղ չի նշվել, որ Անուշավանը հենց Մարտուն Գրիգորյանի թիկնապահն է, փոխարենը նշվել է, որ նա ԲՀԿ-ական պատգամավորի մերձավորներից է:




























