«Հայաստանում այսօր ընդդիմություն կա, եւ ամենեւին պարտադիր չէ, որ այն միատեսակ լինի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։

Համոզմունք հայտնելով, որ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «բողոքավոր զանգվածի» անվիճելի առաջնորդն է, եւ կմնա այդ դերում առնվազն առաջիկա երկու տարիների ընթացքում, եթե, իհարկե, արտահերթ նախագահական ընտրություններ չլինեն, նա ընդգծեց, որ հենց ՀՀ առաջին նախագահի խոսքով, ընդդիմությունն ունի երկու ուղղություն՝ հայդատականություն եւ Հայ ազգային կոնգրես:

Անդրադառնալով ընդդիմության եւ իշխանությունների հնարավոր երկխոսությանը, որից, Հ. Հովհաննիսյանի խոսքով, պետությունը եւ ժողովուրդը միայն կշահեն, նա, սակայն, նկատեց, որ ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատում կան մարդիկ, ովքեր դեմ են այդ երկխոսությանը։