Ուժեղ մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով Բոսֆորի նեղուցը, որը միմյանց է կապում Սեւ եւ Մարմարա ծովերը, այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով 2։15 փակվել է։ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Բոսֆորն այսօր փակ է եղել բոլոր նավերի համար։

Ներկա պահին, SeaNews-ի հաղորդմամբ, եղանակային պայմանները բարելավվել են եւ նեղուցով երթեւեկությունը վերականգնվել է։ Այժմ ավելի քան 120 նավ սպասում են Սեւ ծովից ելքի։ Միեւնույն ժամանակ, օդերեւութաբանական ծառայության տվյալներով, նեղուցի տարածքում վաղը եւս մառախուղ է սպասվում, եւ չի բացառվում, որ հաջորդ գիշերվանից մինչեւ առավոտ Բոսֆորը նորից փակ լինի։

Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Սեւ ծովի նավահանգիստներից ռուսական նավթի եւ հացահատիկի արտահանման հիմնական տարանցիկ կետերն են։ Դրա փակումը հանգեցնում է ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Ադրբեջանից ու Ղազախստանից նավթի արտահանման դադարեցմանը։