Հայաստանի 1400 դպրոցներից ձմեռային արձակուրդների երկշաբաթյա ավելացման թույլտվությունից օգտվել են միայն 342-ը: Այս մասին, այսօր` հունվարի 12-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հավելելով, որ չջեռուցվող դպրոցներում ձմեռային արձակուրդները մինչեւ հունվարի 23-ը երկարաձգվել են գարնանային արձակուրդների հաշվին:

Նրա փոխանցմամբ, դասերը հետաձգելու նախարարի որոշման պատճառը ջեռուցման խնդիրն է եղել, ինչպես նաեւ դպրոցներում կաթսայատների բացակայությունը: Հանրակրթության վարչության պետի խոսքով,  որոշ դպրոցներում դասերը վերսկսելու որոշումը ոչ թե նախարարության պարտադրմամբ է եղել, այլ տնօրենների, ուսուցիչների ու ծնողների կամքով, քանի որ եղանակի տաքությունը ոգեւորել է նրանց:

«Դասարաններում ջերմաստիճանը 17 աստիճանից է սկսվում, ինչը նորմալ է: Սակայն այս պահին դպրոցներում աշակերտների հաճախելիությունը 50% է կազմում»,- հաստատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: